15
09, 2019

Նախագահ Սարգսյան. «Հայաստանը եղել և մնում է քաղաքակրթությունների խաչմերուկ»․ Մեր երկրում է Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը:

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի հանդիպումը շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի հետ:

Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները Հանրապետության նախագահի նստավայրում դիտել են օրերս Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի շրջանակում բացված «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագրով բացօթյա ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները:

Մշակութային շրջայցին հետևած աշխատանքային ճաշ-հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը, խոսվել է Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի և Հայաստանի գիտամշակութային հաստատությունների համագործակցության հնարավորությունների մասին:

Ողջունելով շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի այցը մեր երկիր՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հայաստանը եղել և մնում է քաղաքակրթությունների խաչմերուկ։ Կարևորելով մշակույթների երկխոսությունը՝ մենք միշտ բարձր ենք գնահատել իսլամական մշակույթը և դրան առնչվող քաղաքակրթական արժեքները»: Նախագահն ընդգծել է փոխադարձ ցուցադրությունների կազմակերպման ճանաչողական նշանակությունը՝ մասնավորապես կարևորելով հայկական մշակութային ժառանգության ներկայացումը Քուվեյթում և իսլամական մշակույթի ու արվեստի ներկայացումը մեր երկրում:

Իր խոսքում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը մասնավորապես ասել է. «Մենք Հայաստան ենք եկել տիկին Նունե Սարգսյանի հրավերով։ Շատ ուրախ ենք, որ ունենք նման հնարավորություն՝ հանդիպելու Նորին Գերազանցությանը՝ նախագահ Սարգսյանին, ինչպես նաև շատ հետաքրքիր գիտնականների, ակադեմիկոսների և Հայաստանի մեր գործընկերների հետ քննարկել այստեղ՝ Երևանում մեր թանգարանի ցուցանմուշները ներկայացնելու, ինչպես նաև Քուվեյթում Հայաստանից ցուցահանդես հյուրընկալելու հնարավորությունը»։

Այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանրահայտ Ալ-Սաբահ հավաքածուի նմուշների ցուցադրությունը Երևանում կազմակերպելու վերաբերյալ։ Ալ-Սաբահ հավաքածուն ներառում է արվեստի արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ եզակի ձեռագրեր, գորգեր, թանկարժեք զարդեր, կերամիկական և մետաղական, փայտից ու ապակուց պատրաստված աշխատանքներ: Հավաքածուի ավելի քան 30 հազար նմուշները ներկայացնում են տարբեր երկրների և ժամանակագրական տարբեր շրջանների մշակույթն ու արվեստը։

 

← Վերադառնալ