Մամուլի հաղորդագրություններ
Մշակույթը Հայաստանի և Իտալիայի ընդհանուր գիծն է. Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում բացվել է հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը
Հանրապետության նախագահի նստավայրում այսօրվանից առաջին անգամ կգործի աշխարհի հնագույն թանգարաններից մեկի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուի մի քանի նմուշների բացառիկ ցուցադրությունը:
Այսօր տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությանը Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից ողջունել է հյուրերին՝ նշելով, որ ցուցադրությունը ևս մեկ հնարավորություն է հաղորդակցվելու իտալական մշակույթի հետ: «Ինչպես արդեն գիտեք, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ Խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» ցուցահանդեսը: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ այդ հոյակապ հավաքածուից մի քանի խճանկարներ բացառիկ կարգով ցուցադրվելու են մեզ մոտ: Նախագահը ցանկանում է ստեղծել ևս մեկ հնարավորություն՝ հաղորդակցվելու իտալական մշակույթին, խորասուզվելու այն հեռավոր ժամանակների մեջ, երբ Հին Հռոմը և Մեծ Հայքն ունեին բազմազան ու հարուստ կապեր և, ինչու չէ, նաև ավելի սերտացնելու մեր երկու երկրների նորօրյա միջպետական հարաբերությունները»,- նշել է նախագահի աշխատակազմի ղեկավարը: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային պատկերասրահին և Հայաստանում Իտալիայի դեսպանությանը՝ հրաշալի մշակութային միջավայր ստեղծելու համար:
Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն իր երախտիքի խոսքն է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և նախագահի աշխատակազմին՝ նման հնարավորություն ընձեռելու համար: «Մեր համատեղ ջանքերը միտված են ավելի խթանելու երկկողմ օրակարգը հատկապես մշակույթի ու արվեստի ոլորտներում: Պատիվ ունեմ իմ ներդրումն ունենալու բարձրագույն իշխանության՝ նախագահի ու կառավարության մշակութային քաղաքականության մեջ՝ նախագահականի սրտում ցուցադրելով այս հռոմեական խճանկարները: Մշակույթը շատ հզոր գործոն է մեր երկկողմ հարաբերություններում, մշակույթը Հայաստանի և Իտալիայի ընդհանուր բնորոշ գիծն է, մշակույթը մեր ԴՆԹ-ի մեջ է»,- նշել է Իտալիայի դեսպանը:
Իտալիայից Կապիտոլյան թանգարանների խճանկարների փոխադրումն իրականացրած ընկերության ներկայացուցիչ Դոմինիկ Լորան նկատել է, որ Հայաստանն արդյունավետ վայր է միջմշակութային փոխանակումների իրականացման համար: «Ես ցանկանում եմ առաջիկայում իմ գործունեությունը նվիրել Իտալիայում այնպիսի ցուցադրությունների կազմակերպմանը, որոնք իտալացի հանրությանը կներկայացնեն հայկական գլուխգործոցների գոնե մի փոքր մասը, որի հետ հասցրել եմ ծանոթանալ այստեղ գտնվելուս ընթացքում»,- ընդգծել է նա:
Աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների խճանկարների հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Հայաստանի նախագահի նստավայրում ցուցադրվող երեք նմուշները հայտնաբերվել են Հռոմում՝ 19-20-րդ դարերի ընթացքում, երբ քաղաքը վերակառուցվում էր՝ դառնալով մայրաքաղաք:
Հին հռոմեական խճանկարների ցուցադրությունը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրի հյուրերի համար կգործի մինչև սեպտեմբերի վերջ: