Մամուլի հաղորդագրություններ
«Ութ-ինն ամիս դռները բաց են, որ ցանկացած հայ, հայկական կազմակերպություն իր առաջարկը բերի». Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել անտարբեր չլինել Մխիթարյան միաբանության Մուրադյան վարժարանի ճակատագրի հանդեպ
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի հետ: Նրանք խոսել են Մխիթարյան միաբանության գործունեության, այսօրվա դժվարությունների ու խնդիրների, մասնավորապես, Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի ապագայի վերաբերյալ։
Հանդիպումից հետո Հանրապետության նախագահն ու Սրբազանը այցելել են Փարիզի մերձակա արվարձան Սևրում գտնվող Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարան և մշակութային կենտրոն։
Մեծ Փարիզի «Ոսկե եռանկյունու» ճիշտ կենտրոնում գտնվող վարժարանի շենքը, որը համարվում է Սփյուռքի պատմության ամենախորհրդանշական հաստատություններից մեկը, Մխիթարյանների սեփականությունն է: Վարժարանը հիմնվել է 1834թ. Լուի-Ֆիլիպ թագավորի հրամանով, ներկայիս շենքում սկսել է գործել 1928 թվականից և կրթել է հայ պատանիների ու երիտասարդների բազմաթիվ սերունդների: Վերջին տարիներին այն կանգնած է բազմաթիվ դժվարությունների առջև: Մխիթարյան միաբանությունը բավարար միջոցներ չունի վերանորոգելու և որպես մշակութային ու կրթական օջախ ծառայեցնելու ոչ բարվոք վիճակում գտնվող շենքը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ այն ազգային հարստություն է, փորձ է արվում գտնել ճիշտ լուծումներ։
Նախագահ Սարգսյանը շրջել է վարժարանի և մշակութային կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին: «Այսօր ինձ բախտ է վիճակվել գտնվել մեր ժողովրդի արժեքներից մեկի սրտում,-նշել է նա։- Ուզում եմ դիմել մեր բոլոր հայրենակիցներին` երբ գալիս եք Ֆրանսիա, Փարիզում կա մի գեղեցիկ վայր` այս մանկավարժական կենտրոնը, որը երկու հարյուր տարուց ավելի ծառայել և շարունակում է ծառայել հայ ժողովրդին»։ Արմեն Սարգսյանն ասել է, որ որպես հայ մարդ, իր համար մեծ պատիվ է այդ վայրում գտնվելը: « Ցանկացած հայ մարդու համար է մեծ պատիվ այստեղ գտնվել, գալ իր սեփական պատմությանը, դրա ակունքներին ու արժեքներին ծանոթանալու,-ասել է նախագահը։- Այս պալատի սենյակներից մեկում Դիդրոն է մահացել։ Ֆրանսիայի կայսեր քարտեզագիտության ղեկավարի տունն է եղել։ Սա ֆրանսիական և, միաժամանակ, նաև հայկական պատմությունն է։ Առիթ է նորից շնորհակալություն հայտնել Մխիթարյան միաբանությանը, որ այս մեծ արժեքը պահել և պահպանել է ողջ ժողովրդի համար»։
Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը պատմական է համարել Հայաստանի նախագահի այցելությունը վարժարան: «Ինձ համար մեծ երջանկություն էր հանդիպել նախագահի հետ և հյուրընկալել վարժարանում: Ամեն օր չէ, որ Հայաստանի նախագահն այցելում է վարժարան: Պարոն նախագահն իմաստուն և հեղինակավոր անձ է, և նրա նախագահությունը համարում եմ մեր հայրենիքի, հայոց աշխարհի համար Աստծո պարգև»,-ասել է նա:
Արքեպիսկոպոսը տեղեկացրել է, որ Մխիթարյաններին պատկանող բոլոր հաստատություններում սկսել են վերանորոգման գործընթաց: «Հիմնական կարգն այն է, որ պատմական, մշակութային արժեք ներկայացնող շենքերը բացարձակապես վաճառքի առարկա չեն, -ասել է նա: - Հետևաբար, այս կալվածքը՝ 13 500 մետր քառակուսի տարածությամբ, ամբողջությամբ մնում է որպես Միաբանության կալվածք»: Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանն ասել է, որ մտածում են շենքի պատմությանն արժանի հայագիտական մեծ կենտրոն ստեղծել, որը կունենա իր գիտահետազոտական մասը, հանդիսությունների բաժինը և հետազոտողների համար հյուրընկալ վայր կդառնա: Իսկ շենքի հետևի հատվածում, ըստ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի, մտադրություն կա կառուցել շահութաբեր մի վայր: «Եթե առաջիկա 8 ամիսների ընթացքում որևէ կազմակերպություն, հայկական հաստատություն, անհատ երևան գա և առաջարկի լավագույն պայմանները, քան եղել են, անկասկած, դուռը բաց է, և անմիջապես սեղան կնստենք բանակցելու համար՝ քննարկելու պայմաններն ու հասնելու եզրակացության»,- ասել է նա:
Մխիթարյան միաբանության անդամ, Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյանն ասել է, որ հինավուրց այս վարժարանն ունի հարուստ պատմություն և Մխիթարյան միաբանության կրթական օրրաններից է։ «Այն հայության տունն է, Հայաստանի մի փոքրիկ կտորը, որը հարուստ է պատմական ու մշակութային արժեքներով»,-ընդգծել է նա։
Անդրադառնալով շենքի շուրջ ստեղծված իրավիճակին` նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Այսօր մի հանգրվանի ենք, երբ պետք է որոշումներ ընդունենք։ Մխիթար աբբահայրը ոչ միայն հոգևոր առաջնորդ, փիլիսոփա, գրականագետ էր: Նա փայլուն գործարար մարդ էր։ Նրա տեսլականն էր, որ ստեղծվեց Մխիթարյան միաբանությունը, որը հսկայական հարստություն ուներ և ունի աշխարհով մեկ: Ժամանակն է, որ մենք՝ որպես հայություն, գանք, կանգնենք միաբանության կողքին, որպեսզի մշակութային, կրթական, նյութական այդ հարստությունը պահպանվի և պաշտպանվի։ Իմ այցի նպատակներից մեկը սա է՝ ցույց տալ, որ մենք անտարբեր չենք։ Անտարբեր չենք որպես հայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկ իմ դեպքում՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ։ Ուրախ եմ, որ մեր զրույցի ընթացքում սրբազանը նույնպես համոզվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն անտարբեր չէ, այլև պատրաստ է աջակցել ճիշտ լուծումներ գտնելու, լուծումներ, որոնք կաջակցեն միաբանությանը, որպեսզի նրա առջև կանգնած դժվարագույն ֆինանսական և տնտեսական խնդիրները լուծվեն, կաջակցեն, որ կենտրոնը շարունակի ծառայել ոչ միայն միաբանությանը, այլև ողջ հայ ժողովրդին։
Ութ-ինն ամիս դռները բաց են, որ ցանկացած հայ, հայկական կազմակերպություն իր առաջարկը բերի, թե ինչպես կարելի է այս պատմական կառույցը վերականգնել, նորից ծառայեցնել հայրենիքին՝ ավելի բարձր մակարդակով։ Դժվար խնդիր է, բայց` լուծելի։
Կարծում եմ՝ այսօրվանից սկսած մեր բոլոր հայրենակիցները պետք է փորձեն իրենց ներդրումը բերել»։