Մամուլի հաղորդագրություններ
Մենք պետք է զարգացման բազմաբաղադրիչ ծրագիր ունենանք. ավարտվել է նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը Լոռու մարզ
Նախագահ Արմեն Սարգսյանը չափազանց տպավորված է Լոռվա բնաշխարհի տեսարժան վայրերով: Այդ մասին նախագահն ասել է Լոռու մարզ աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում:
Նախագահը անհրաժեշտ է համարել մարզում տուրիզմը և հատկապես ներքին տուրիզմը խրախուսելը, ենթակառուցվածքները զարգացնելը։ «Եթե Երևանում ես ապրում, շաբաթ-կիրակի օրն ավելի լավ բան կա՞ անելու, քան վեր կենալ և գալ Լոռու մարզ կամ Սյունիք, Գեղարքունիք, Գյումրի։ Չկա՛,-ասել է նախագահը։ - Ես երկու օր է այստեղ եմ և ամբողջովին վերալիցքավորված եմ, որովհետև շփվում ես իրական բնության և բացարձակ գեղեցկության հետ։
Երկու օրվա ընթացքում առիթ ես ունենում տեսնել և վայելել պատմական նշանակություն ունեցող շատ արժեքավոր կոթողներ, ասենք՝ Օձունի վանքը կամ Լոռի բերդը։ Շատ երկրներ կերազեին նմանատիպ բերդ ունենալ և այդ բերդը կարողանային ոչ միայն պահպանել և ցուցադրել, այլև գրավիչ դարձնել և՛ իրենց երիտասարդների, ժողովրդի և՛ օտարների համար։ Այն, որ Հայաստանում՝ Լոռիում, 10-11-րդ դարերում բարձր քաղաքակրթություն է եղել, փաստ է, որին շատերը ծանոթ չեն։
Կամ կարո՞ղ ես շաբաթ-կիրակին ավելի լավ անցկացնել, քան Դսեղի մոտակայքում լռությունը, մաքուր օդը վայելես, գիշերն անցկացնես՝ զրուցելով բարեկամներիդ հետ պոեզիայից և գիտությունից, մեր մշակույթից։ Ճաշես Ահնիձորում՝ Հրանտ Մաթևոսյանի տանը՝ իր եղբոր և որդու, ազգականների հետ։ Իրականում տեսնես «Մենք ենք, մեր սարերը», մարդկանց, ովքեր ոգեշնչել են Հրանտ Մաթևոսյանին։ Նրանք իրական մարդիկ են, այսօր էլ ունեն իրենց հոգսերը։ Կամ գաս Հովհաննես Թումանյանի պայծառ անհատականության հետ շփվես՝ կրկին համոզվելով, որ խոսքը միայն պոետի մասին չէ, այլ մեծ մարդու, մեծ հայրենասերի»։
Հորդորելով շաբաթ-կիրակի օրերին այցելել Հայաստանի տեսարժան վայրեր՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայրենասիրությունը միայն հայրենիքին ծառայելը չէ կամ պատերազմի ժամանակ զինվոր դառնալը, այլ նաև՝ երկիրը ճանաչելը։
Զբոսաշրջության և ընդհանրապես զարգացման տեսանկյունից Հանրապետության նախագահը մասնավորապես կարևոր է համարել բարեկարգ ճանապարհներ ունենալը: «Ես ուրախությամբ լսեցի, որ վերջին երկու ամսվա ընթացքում Թումանյանի տուն-թանգարանն այցելել է մոտ յոթ հազար մարդ, որոնցից վեց հազարն աշակերտներ են եղել։ Եկել են, քանի որ ճանապարհը ժամանակին կառուցվել է, և այսօր այդ ճանապարհը հնարավորություն է տալիս երեխաներին գալ այստեղ,- ասել է Արմեն Սարգսյանը։- Բայց երեկ մենք գնացինք Ահնիձոր, ճանապարհ չկա։ Քսան կիլոմետր քշում ես փոշու մեջ, անընդհատ ցնցվելով, բայց փոշով պատած պատուհաններից այն կողմ տեսնում ես հիասքանչ, կուսական բնություն։
Ահնիձորում դպրոցն ունի ընդամենը քսան աշակերտ՝ մեկից իններորդ դասարան։ Իսկ Դսեղում մանկապարտեզներում մոտ երեք հարյուր աշակերտ կա, որովհետև ճանապարհն ավելի լավ է, մարդիկ ավելի մեծ հնարավորություններ ունեն։
Ահնիձորում հարյուրից ավել մարդ է ապրում: Գոյատևում են, որովհետև ամեն օր այդ ճանապարհով հնարավոր չէ գնալ ու գալ։ Ապրում են իրենց մեկուսացած կյանքով՝ դժոխային ճանապարհով դրախտում։
Ահնիձորի և շրջակա մի քանի գյուղերի համար ճանապարհ պետք է կառուցվի, բայց մինչ դա պետք է լավ մտածենք, որ ճանապարհը կառուցելով բնությանը վնաս չհասցնենք»։
Կարևորելով բնապահպանության խնդիրը՝ նախագահն ասել է. «Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք։ Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ և՛ բնապահպանության, և՛ տնտեսության, և՛ զարգացման, և՛ զբոսաշրջության ոլորտներում։ Պետք է ունենանք հստակ տեսլական, որը պետք է համահունչ լինի աշխարհի զարգացման տեսլականին։ Այսինքն, աշխարհը չի կարող զարգացման մի ուղղությամբ գնալ, իսկ մենք՝ հակառակ»։
Հանրապետության նախագահն ասել է, որ մեր տեսլականը կառուցելիս պետք է մտածենք, թե աշխարհը 20-30 տարի հետո որտեղ է լինելու, և որտեղ ենք մենք ուզում լինել այդ աշխարհում։ «Պետք է ունենանք ռազմավարություն, ծրագիր՝ այդտեղ հասնելու համար։ Եվ այդ ծրագիրը պետք է լինի բազմաբաղադրիչ , - նշել է Արմեն Սարգսյանը։- Մենք՝ որպես պետություն և ազգ, պետք է ծրագիր ունենանք, հստակ իմանանք, թե ուր ենք գնում: Այդ ծրագիրը պետք է համընդհանուր և համազգային լինի։ Պետք է լայն ու մեծ մտածենք, որովհետև մենք մեծ ազգ ենք, մեծ ժողովուրդ»։
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ գոյատևման ճանապարհով գնալով հնարավոր չէ զարգանալ։ «Տեսլականի, ազգային ծրագրի համար կարող ենք բոլորս մեզ ինչ-որ բանից զրկել։ Եթե գիտենք, որ վաղը տեղ ենք հասնելու, ծրագիր ունենք, բոլորս լծվենք այդ ծրագրի իրականացմանը, -ասել է նախագահը։ - Մեր հիմնական հարստությունը մեր հայկական աշխարհն է, մարդիկ։ Մեր տեսլականը պետք է դրա վրա հիմնված լինի։ Հայաստանում պետք է ամեն բան զարգացնել՝ գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, ժամանակակից տեխնոլոգիաները։
Իմ առաջարկը հետևյալն է՝ պետք է ունենանք պետական ու համազգային քննարկում տեսլականի և ազգային ծրագրի շուրջ։ Մեզնից յուրաքանչյուրն իր կարծիքը պետք է ասի։ Ժամանակը գա՝ կասեմ, թե իմ տեսլականն ինչպիսինն է։ Ամեն մարդ պետք է կիսվի իր տեսակետով»։
Այդ համատեքստում նախագահը կարևոր է համարել կրթության ոլորտի զարգացումը: «Կրթության մեջ էլ պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ արագ շահ ստանան։ Հաջողության հասած մարդիկ շատ հաճախ, որպես բարեգործություն, ներդրում են անում կրթության մեջ։ Բայց խնդիրն այն է, որ այդ օրինակները լինեն ոչ թե բարձրագույն որակի առանձին լճակներ, այլ՝ կրթության ոլորտը մեզ մոտ դառնա ծով, որպեսզի գյուղի ցանկացած երեխա ստանա գոնե համարժեք կամ նույնին մոտ կրթություն, ինչ Երևանում։ Եվ նորից գալիս ենք նույն խնդրին՝ ճանապարհներին, որոնք նաև վիրտուալ ճանապարհներն են։ Եթե գյուղը կապված է բարձր որակի ինտերնետով, եթե երեխաներից յուրաքանչյուրն ունի համակարգիչ և միացած է համազգային կրթական ծրագրին, ապա այդ երեխան, ապրելով Դսեղում կամ Ահնիձորում, կարող է նույն կրթությունը ստանալ։ Որովհետև ապագայում համալսարանում իր հիմնական գործիքը լինելու է համակարգիչը, դասախոսը լինելու է միայն որպես մեկնաբան։ Համալսարանն այլևս ինֆորմացիա ստանալու տեղ չէ, գնում ես մեկնաբանություն, վերլուծություն, վերլուծելու ունակություն սովորելու»,- ասել է նախագահ Սարգսյանը։