20
07, 2019

Հայրենաճանաչությունը սկսվում է պարզ սիրուց․ հայրենաճանաչությունը հողին կապվելն է, նրա ներկայությունը զգալը․ նախագահ Սարգսյանն այցելել է Լոռի բերդ

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն եղել է մարզի ամենահայտնի պատմական վայրերից մեկում՝ միջնադարի կառույց համարվող Լոռի բերդում: Հանրապետության նախագահը շրջել է բերդաքաղաքի տարածքում: Նշելով, որ բացի պատմական արժեքից, հնավայրն ուշագրավ է նաև իր գեղեցիկ բնական լանդշաֆտով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն գրավիչ վայր է զբոսաշրջության և հատկապես հնագիտական, պատմական, էկոտուրիզմի զարգացման համար:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը նշել է, որ թեև նախագահի պաշտոնում առաջին անգամ է Լոռի այցելում, բայց հատկապես ուսանողական տարիներին այն եղել է իր սիրած վայրերից մեկը, ուր հաճախ է եղել։ «Մեր ուսանողական տարիներին հայրենասիրության արտահայտման ձևերից մեկը հայրենիքը ճանաչելն ու բացահայտելն էր,-ասել է նա։ -Կարծում եմ՝ հիմա կրկին մեր հայրենիքը ճանաչելու, հայտնաբերելու կարիքն ունենք, քանի որ ապրելով Երևանում, այս հրաշք վայրերի հետ քիչ ենք շփվում։ Աշխարհում քիչ տեղեր կան, որտեղ 10, 11-րդ դարերի ամրոցներ են պահպանված։ Եվ ոչ միայն պահպանվել են, այլ կարող ենք ծանոթանալ կրոնական-եկեղեցական ներկայությանը, կենցաղին»։

Նա բերդը շատ տպավորիչ է համարել ոչ միայն որպես պատմական արժեք, այլև որպես յուրօրինակ ու գեղեցիկ հանգստի գոտի՝ նշելով. «Ես չեմ պատկերացնում՝ սրանից լավ հանգիստ որտեղ կարող ենք գտնել»։ Նախագահի խոսքով՝ այդ հուշարձանը ոչ միայն հսկայական պատմական, այլև  տնտեսական արժեք է և պարզապես տուրիստական գանձ։ Այստեղ հնարավոր է թե՛ պատմական տուրիզմ զարգացնել, թե՛ մշակութային միջոցառումներ կազմակերպել։ Այս թեման Հանրապետության նախագահը քննարկել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ՝ անդրադառնալով ընդհանրապես տարածքի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։

«Սա հսկայական արժեք է, որը դեռևս օգտագործված չէ։ Պետք է օգնենք, որ այս հարստությունը բոլորինս լինի, գանք՝ ճանաչենք, օգտվենք և մեր երեխաներին բերենք, որպեսզի իրենց հայրենիքը ճանաչեն ու սիրեն»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։ Ի պատասխան լրագրողի հարցի, թե հայրենաճանաչության համար ինչ կցանկանար ցույց տալ իր թոռնիկներին, նախագահն ասել է, որ հայրենաճանաչությունը ընդհանուր գաղափար է․ «Հայրենաճանաչությունը սկսվում է պարզ սիրուց: Հայրենաճանաչությունը հողին կապվելն է, նրա ներկայությունը զգալը»։ 

← Վերադառնալ