18
07, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձման առթիվ և արդյունավետ աշխատանք մաղթել նրան:

Նշելով, որ երկու երկրներն ավանդաբար սերտ հարաբերությունների են ունեցել, նախագահը կարևորել է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը, Եվրամիության հետ ունենալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, միաժամանակ նաև ԵԱՏՄ անդամ է և կարող է որպես կամուրջ հանդես գալ տարբեր շուկաներ մուտք գործելու տեսանկյունից:

Դեսպանն իր հերթին ասել է, որ հատկապես տնտեսական ոլորտում Հայաստանի հետ համագործակցության խորացման մեծ ներուժ կա: Նա պատրաստակամություն է հայտնել առավելագույնս նպաստել ինչպես երկկողմ հարաբերությունների ավելի ակտիվացմանը, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խորացմանը:

Դեսպան Բեդրիխ Կոպեցկին նախագահ Սարգսյանին է փոխանցել նաև Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի բարեմաղթանքները: 

← Վերադառնալ