Մամուլի հաղորդագրություններ
Արման Կիրակոսյանը պետական մարդ էր՝ նվիրված իր ժողովրդին, ազգին, պետականությանը. նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Արման Կիրակոսյանի հրաժեշտի արարողությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է իր վաղեմի ընկեր՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի վերջին հրաժեշտի արարողությանը:
Հանդես գալով հրաժեշտի խոսքով՝ Հանրապետության նախագահը մասնավորապես ասել է.
«Դժվար օր է այսօր. Մենք ճանապարհ ենք դնում Արման Կիրակոսյանին, վերջանում է Արման Կիրակոսյանի կյանքը հայրենիքում, այստեղ: Բայց սկսվում է Արման Կիրակոսյան լեգենդի նոր կյանքը: Ինչպես 1985 թվականի հունիսի 20-ին ավարտվեց նրա հոր՝ Ջոն Կիրակոսյանի կյանքը, բայց սկսվեց Ջոն Կիրակոսյանի լեգենդը, այսօր սկսվում է Արման Կիրակոսյանի լեգենդը: Եվ մեզնից յուրաքանչյուրը պետք է շարունակի քայլել Արման Կիրակոսյան լեգենդի հետ: Նրա ընկերները, գործընկերները պետք է շարունակեն քայլել Արման Կիրակոսյան լեգենդի հետ, մեր հայ դիվանագիտությունը, պետականությունը, սովորական մարդիկ, որոնք ճանաչում էին Արմանին»,-ասել է նախագահը՝ Արման Կիրակոսյանին բնութագրելով որպես հոյակապ ու ֆանտաստիկ ընկեր, մեր լավագույն դեսպաններից մեկը, ազնիվ, բյուրեղյա, հայրենասեր և լուրջ մարդ՝ բազմաթիվ առաքինություններով, բարձր պրոֆեսիոնալ ու փայլուն գիտնական:
«Որպես ոչ միայն ընկեր, այլև Հանրապետության նախագահ, մտածելով Արման Կիրակոսյանի մասին, անպայման իմ մտքում և սրտում կա մեկ բառ, որը շատ էական է. Արման Կիրակոսյանը, ինչպես նրա հայրը, պետական մարդ էր, նվիրված իր ժողովրդին, ազգին, մեր պետականությանը»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: