04
07, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ բժիշկների

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր նախագահ Սալբի Ագարակյանին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Արթուր Շուքուրյանին և Կալիֆորնիայի UCLA համալսարանի առաջատար օտովիրաբույժ Ակիրա Իշիյամային:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին, ովքեր երկար տարիներ Հայաստանում արվող բացառիկ վիրահատությունների շնորհիվ իրականացնում են կոխլեար իմպլանտացիա ու վերականգնում խնդիրներ ունեցող երեխաների լսողությունը:

Վիրաբույժ Ակիրա Իշիյաման ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է եղել աշխատել Հայաստանում և օգնել հայ երեխաներին: «Մենք սերտորեն աշխատում ենք Հայաստանի գործընկերների հետ: Իմ նպատակն է ոչ միայն շարունակել համատեղ աշխատանքը՝ օգնելու երեխաներին, բարելավելու վիրահատական որակները, այլև հայկական թիմի հետ իրականացնելու օտոլոգիայի հետազոտական ծրագրեր»,- նշել է նա:

Զրուցակիցները քննարկել են երեխաների լսողության վերականգնմանն ուղղված ներկայիս ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել բժիշկներին երեխաների լսողության վերականգնման կարևոր առաքելության իրականացման գործում: 

← Վերադառնալ