Մամուլի հաղորդագրություններ
Հայաստանի և Բելառուսի նման երկրները հնարավորություն ունեն 21-րդ դարում առաջատար դիրքերում լինել․ նախագահը հյուրընկալվել է Ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի համալսարանում
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարանում, հանդիպել բուհի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բելառուսի Հանրապետության կրթության նախարար Իգոր Կարպենկոն։
Մինչ հանդիպումը ռեկտոր Վադիմ Բոգուշը նախագահ Սարգսյանին ծանոթացրել է գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում համալսարանի ձեռքբերումներին և ողջունել նրա այցը Բելառուսի առաջատար կրթական հաստատություններ։
Դիմելով հանդիպման մասնակիցներին՝ նախագահը նշել է, որ Բելառուսի գիտակրթական հաստատություններ այցի նպատակը հստակ է․ «Հայաստանն ու Բելառուսը կարող են համագործակցել գիտության, կրթության, տեխնոլոգիաների ոլորտում։ Խորհրդային Միությունում մեր երկու հանրապետությունները բավականին սերտ գործակցում էին։ Ե՛վ Հայաստանը, և՛ Բելառուսը գնում են տեխնոլոգիական զարգացման ճանապարհով։ Այսօր գիտությունը, նոր տեխնոլոգիաները՝ սկսած քվանտային, լազերային տեխնոլոգիաներից մինչև մեծ ծավալի տվյալների կառավարում, բոլորը փոխկապակցված են։ Քսանմեկերորդ դարում մեզ տեխնոլոգիական արագ զարգացում է սպասվում, որը ես անվանում եմ սրընթաց հեղափոխություն։
Հայաստանի և Բելառուսի նման երկրների համար հնարավորություն կա 21-րդ դարում առաջատար դիրքերում լինել, քանի որ 21-րդ դարում կարևորը որակն է լինելու, ոչ թե չափը կամ քանակը»։
Նա նշել է, որ նախագահ Լուկաշենկոյի հետ նույնպես խոսել են գիտակրթական ու տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության մասին։ «Մեր երկու երկրներում կրթությունն ու գիտությունը գնահատվում են, և դրանց զարգացման ուղղությամբ իրական քայլեր են արվում։ Այս կապակցությամբ ես շնորհավորեցի նաև Բելառուսի նախագահին, ով նայում է դեպի ապագա, քանի որ այդ ապագան շատ շուտ է գալու։ Աշխարհը արագ փոխվում է, այնպես որ պետք է զբաղվել կրթությամբ։ Ես այստեղ եմ, որպեսզի ևս մեկ անգամ հավաստիանամ, որ մենք պատրաստ ենք և կարող ենք համագործակցել։ Եկել եմ, որ երկխոսությունը շարունակենք և ավելի խորը հարաբերություններ հաստատենք»,-ասել է նախագահ Սարգսյանը։
Նա ընդգծել է, որ փոքր երկրները չպետք է վախենան փոփոխություններից, այլ կարող են առանձնահատուկ լուծումներով հանդես գալ։ Նա բերել է «Թումո»-ի օրինակը՝ նշելով, որ լինելով փոքր երկիր՝ Հայաստանն այս ոլորտում դարձել է այս նախագծի արտահանողը Եվրոպա։
Նախագահը նշել է նաև, որ տպավորված է Բելառուսի բարձր տեխնոլոգիաների պարկով, որը միջավայր է ստեղծում տեխնոլոգիական զարգացման համար։
Հանդիպման ավարտին նա պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին, Հայաստանում հիմնարար գիտությունների զարգացման հեռանկարային ուղղություններին, քիմիական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների փոխգործակցության հնարավորությանը և այլն։
Նախագահ Սարգսյանն այցելել է նաև Ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի բելառուսական պետական համալսարանի՝ Մինսկի ռադիոտեխնիկական քոլեջի մասնաճյուղի ռեսուրս կենտրոն։ Ռեկտոր Վադիմ Բոգուշը ներկայացրել է քոլեջի գործունեության հիմնական ուղղությունները։ Նախագահը շրջայց է կատարել քոլեջի էլեկտրոնիկայի և սարքաշինության լաբորատորիաներում, եղել է ռետրո համակարգիչների թանգարանում։