Մամուլի հաղորդագրություններ
Մեծ նշանակություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը․ Սի Ծինփինը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Ուղերձում ասվում է.
«Հայաստանը Չինաստանի համար համագործակցության ավանդական գործընկերներից է, հայ-չինական բարեկամական հարաբերություններն իրենց արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ: Վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նկատվում է զարգացման դրական դինամիկա, հետևողականորեն խորանում է գործնական համագործակցությունը:
Ես մեծ նշանակություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանն ու պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը նոր տեղաշարժեր գրանցեն և այդպիսով ավելի իրական օգուտ բերեն մեր երկրների ժողովուրդներին»:
Նա քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել Հայաստանի իր գործընկերոջը։