Մամուլի հաղորդագրություններ
Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամությունը շատ ամուր է և ցանկանում ենք այն էլ ավելի ամրապնդել. Հայաստանի նախագահը հանդիպել է «Elettronica Group»-ի տնօրենի հետ
Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել է իտալական հանրահայտ «Elettronica Group» ընկերության տաղավար:
Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Elettronica Group» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնզո Բենինիի հետ: Ընկերությունը ծառայություններ է մատուցում պաշտպանության, անվտանգության ու կիբերանվտանգության ոլորտներում և համարվում է աշխարհում առաջատարներից մեկը:
Էնզո Բենինին շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ այցելության և իրենց ընկերության գործունեության նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: «Շատ ուրախ ենք Ձեզ տեսնել մեր տաղավարում: Անկախ մեր անձնական բարեկամությունից՝ այս այցը չափազանց կարևոր է, և Հայաստանի նախագահին այսօր այստեղ ընդունելը մեծ պատիվ է մեր ընկերության ու, առհասարակ, այս ցուցադրության համար: Իտալիայի և Հայաստանի միջև բարեկամությունը շատ ամուր է, և մենք ցանկանում ենք այն էլ ավելի ամրապնդել»,-նշել է նա:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ Հայաստանը հետաքրքրված է առաջատար «Elettronica Group» -ի հետ կիբերանվտանգության, արհեստական բանականության, ինչպես նաև ռազմարդյունաբերության ոլորտներում փոխգործակցությամբ՝ ընդգծելով, որ նշված ոլորտներում մեր երկիրը զարգացման մեծ ներուժ ունի: Հանդիպմանը խոսվել է նաև ընկերության հակադրոնային նորարարական լուծումների և այդ ոլորտում ևս համագործակցության հնարավորությունների մասին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա ամիսների ընթացքում ընկերության պատվիրակությունը կժամանի Հայաստան՝ տեղում համագործակցության ներուժին ծանոթանալու և հնարավոր գործընկերներին հանդիպելու համար: