Մամուլի հաղորդագրություններ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրին
Հունիսի 7-9-ը Հայաստանը դառնալու է մտքերի օրրան: Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Մտքերի գագաթնաժողովը»: Ի՞նչ է «Մտքերի գագաթնաժողովը», ինչպե՞ս է ընտրվել Հայաստանը: Մեր զրուցակիցը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն է:
-Բարև Ձեզ, պարոն նախագահ: Նախապես որոշել էինք խոսել միայն «Մտքերի գագաթնաժողովից», բայց ներքաղաքական վերջին իրադարձությունները ստիպում են նաև դրանց անդրադառնալ: Խնդրում եմ ասեք՝ ե՞րբ կհայտնեք Ձեր կարծիքը դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ:
- Ես սպասում եմ այն օրվան, երբ դատաիրավական համակարգի բարեփոխումների, զանազան գործիքների, ինստիտուտների ստեղծման հանրային քննարկումները ավելի կոնկրետ մարմին կունենան: Այդ մարմինը կունենա առաջարկությունների տեսք, ասենք՝ կառավարությունից Ազգային ժողով: Ազգային ժողովը, հանրությունը կքննարկեն, և երբ այդ կոնկրետ առաջարկը կհայտնվի Հանրապետության նախագահի գրասեղանին, ես ամենայն ուշադրությամբ կծանոթանամ և իմ կարծիքը կարտահայտեմ: Բայց դա, իհարկե, չի բացառում, որ եթե առանձին անհատներ, որոնք հետաքրքրված են, պրոֆեսիոնալ մասնագետներ դիմեն ինձ, ես իմ անձնական կարծիքը, փորձառությունը կոնֆիդենցիալ ձևով կփոխանցեմ իրենց: Սա ընդամենը կլինի Արմեն Սարգսյանի կյանքի փորձի փոխանակում առանձին իրավաբանների, մասնագետների հետ, որոնց հետ շփվելիս, նորից եմ ասում, կոնֆիդենցիալ ձևով ես երբեք չեմ զլանա իմ կարծիքը ասելու: Իրականում ես ինքս էլ կարիք ունեմ քննարկման, տարբեր կարծիքներ լսելու, նախապատրաստվելու այն օրվան, որի մասին Ձեզ ասում էի՝ երբ օրենքը կամ օրենքները կհայտնվեն Հանրապետության նախագահի սեղանին: Ես ինքս աշխատում եմ ամեն օր:
-Անդրադառնանք «Մտքերի գագաթնաժողովին»: Ի՞նչ է «Մտքերի գագաթնաժողովը»: Առաջին անգամ այն Ֆրանսիայից դուրս է անցկացվում: Ինչպե՞ս է ընտրվել Հայաստանը: Ինչպե՞ս է ընտրվել Դիլիջանը:
- «Մտքերի գագաթնաժողովը» շատ յուրօրինակ գագաթնաժողով է, որը ստեղծվել է, եթե չեմ սխալվում 2006, թե 2007 թվականին՝ հիմնականում երկու անհատի կողմից: Ֆիլիպ Բուրգինյոնի կողմից, ով երկար տարիներ եղել է Դավոսի տնօրենը, այսինքն՝ գլխավոր կազմակերպիչը ( Կլաուս Շվաբը Դավոսի հիմնադիրն էր և նախագահը, գործադիր տնօրենը, կազմակերպիչը պարոն Բուրգինյոնն էր), շատ մեծ գործարար է՝ քաղաքական իմաստով, որովհետև կապ է ունեցել շատ լայն շրջանակ ունեցող քաղաքական գործիչների հետ, աշխատել է Time Warner-ի հետ, Dysney-ի գործադիր տնօրենն է եղել և այլն: Հիմա շատ մեծ հիմնադրամի տնօրեն է: Մյուս հեղինակը կամ կազմակերպիչը եղել է Թիերի Մալըրեն: Նա երկար ժամանակ աշխատել է Եվրոպական բանկում, եղել նրա ղեկավարը Մոսկվայում, հետո երկար տարիներ եղել է գործադիր տնօրենի տեղակալ Դավոսում:
Հետևաբար, «Մտքերի գագաթնաժողովն» ինչ-որ իմաստով, ինչպես ֆրանսիացիները կասեին, Դավոսի crème de la crème-ն է, այսինքն՝ լավագույնն է: Մարդիկ, որոնց համար Դավոսն իր հազարավոր մասնակիցներով արդեն ընդունելի չէր, Շամոնիում՝ Մոնբլան լեռան տակ, ստեղծեցին այդ գագաթնաժողովը, որտեղ ամեն տարի հավաքվում են մոտ 200 մարդ շատ տարբեր մասնագիտություններ ունեցող՝ սկսած քաղաքագետներից, քաղաքական գործիչներից, գործարարներից, գիտնականներից, խոսում են ապագայի մասին, քաղաքական գործընթացների, 21-րդ դարի աշխարհաքաղաքական խնդիրների և մանավանդ նոր տեխնոլոգիաների մասին:
Ես երկու անգամ առիթ եմ ունեցել մասնակցել այդ գագաթնաժողովին: Մի տարի, երբ ազատ մարդ էի, և անցյալ տարի, երբ նախագահ էի և իրենց համոզեցի, որ գագաթնաժողովը բերեն Հայաստան, որովհետև «Մտքերի գագաթնաժողովի» նման կոնֆերանսն անհրաժեշտություն է Հայաստանում:
Հայաստան են գալու մոտ 150-200 հոգի, շատ բարձրակարգ անհատներ: Ասենք՝ քաղաքական ոլորտից, Միացյալ Նահանգներից, օրինակ, ԱՄՆ նախկին նախագահի անվտանգության գծով խորհրդականը՝ գեներալ Ջեյմս Ջոնսը, ով աշխարհահռչակ մարդ է, ղեկավարում է նաև Atlantic Councel կոչված կազմակերպությունը, էներգետիկ ոլորտում շատ մեծ համբավ ունի և զբաղվում է մասնավորապես նավթի և գազի քաղաքականությամբ:
- Լրագրողները կվկայեն, որ Ձեր արտասահմանյան այցերի ժամանակ պարբերաբար հանդիպում եք մեծ համբավ ունեցող քաղաքական գործիչների հետ, և դրանք ջերմ հանդիպումներ են լինում: Այդ կապերն օգտագործվե՞լ են «Մտքերի գագաթնաժողովի» հյուրերի ցանկը կազմելիս:
- Իհարկե: Գիտե՞ք ինչ. ընդհանրապես հրավերներն ուղարկում ես, հետո մարդիկ արձագանքում են: Ինձ համար շատ հաճելի էր, որ այս անգամ ում հրավիրեցինք, մեծ մասը միանգամից համաձայնեց: Մարդիկ, ովքեր երբեք Հայաստանում չեն եղել՝ Ֆրանսիայի նախկին վարչապետը՝ Դոմինիկ դը Վիլպենը, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը՝ Ալեքսանդր Վոլոշինը, և շատ այլ հետաքրքիր քաղաքական գործիչներ, նաև ինդուստրիայի ղեկավարներ: Օրինակ «Սիմենս»-ի գլխավոր տնօրենն է գալու, «Թալես»-ի ռեգիոնալ գլխավոր տնօրենը, «Դասո»-ի ռեգիոնալ տնօրենը և շատ ուրիշ ընկերություններ: Շատ հաճելի է նաև, որ հրավիրվածների թվում կան նաև երիտասարդ գործարարներ, մի քանիսը՝ հայ, մյուսները՝ ոչ հայ, ովքեր այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաների, այս նոր ստարտափային մշակույթի լիդերներ են, այսինքն՝ մարդիկ են, ովքեր հարյուրավոր, միլիոնավոր կամ միլիարդավոր դոլարների ընկերություններ են ստեղծել:
Զրույցը լինելու է տարբեր նյութերի մասին՝ գեոպոլիտիկա, նոր տեխնոլոգիաներ, նաև արհեստական բանականության դերը: Քաղաքակրթությունների երկխոսության մասին է լինելու, 21-րդ դարի առաջնորդության մասին: Սրանք այն պանելներն են, որի մասին խոսում ենք: Սա, կարծում եմ, կարևոր է, որովհետև նախ և առաջ Հայաստանը շատերի համար դառնում է կենտրոն, մարդիկ հայտնաբերում են Հայաստանն այսպիսի կոնֆերանսով: Երկրորդը, մենք սովորելու բան ունենք: Երրորդը, այցելուների մի մասը կարող են դառնալ մեր մշտական բարեկամները: Եվ վերջապես՝ բերելով «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստան՝ ես սկզբունքային համաձայնություն ունեմ, որ այս կոնֆերանսը մնալու է որպես մշտական կոնֆերանս: Ֆրանսիայում լինելու է Շամոնին և նրա քույր կազմակերպությունը՝ այստեղ: Այսինքն, մենք դառնում ենք միջազգային գեոպոլիտիկ, տնտեսական զարգացման կենտրոն:
-Իսկ Ձեր այդ կապերը Ձեր դիվանագիտական երկարամյա գործունեության արգասի՞քն են:
- Չէ, կարծում եմ՝ հակառակն է, իմ երկարամյա դիվանագիտական գործունեությունը հիմնականում իմ կապերի արգասիքն է:
-Խոսեցինք դիվանագիտությունից: Փափուկ ուժի դերը մեր արտաքին քաղաքականությունում ինչպե՞ս եք գնահատում:
- Գիտեք ինչ, փափուկ ուժը շատ էական է: Փափուկ ուժ ձևակերպման հեղինակը նորից իմ շատ լավ բարեկամներից մեկն է՝ պրոֆեսոր Ջոզեֆ Նային: Պրոֆեսոր Ջոզեֆ Նային ԱՄՆ պետական ծառայության ամենաբարձրաստիճան պաշտոնյաններից մեկն է եղել, երկար ժամանակ Հարվարդի համալսարանի Քենեդիի դպրոցի տնօրենը, փայլուն անձնավորություն: Ես նրան և ևս մի քանի անհատի հրավիրել էի, բայց տարիքի և առողջության պատճառով հիմա չեն կարող գալ: Հավանաբար, աշնանը Հենրի Քիսինջերը և, օրինակ, նույն Ջոզեֆ Նային գալու են: Ջոզեֆ Նայիինն է կոշտ և փափուկ ուժի կիրառման գաղափարը: Կարծում եմ՝ շատ երկրներ գիտակցում են փափուկ ուժի կիրառման կարևորությունը: Անկախ նրանից՝ իրական ֆիզիկական ուժը, տնտեսական, քաղաքական ուժն ինչքան մեծ է, փափուկ ուժը որոշակի մշակույթ է պարունակում: Եվ ոչ բոլոր երկրներն են կարողանում այդ ուժը կիրառել: Ես նույնիսկ մեծ տերությունների օրինակներ գիտեմ, որոնք այդ մշակույթը չունեն:
Հայաստանի համար դա անհրաժեշտ է և հնարավոր: Ոչ թե որ մենք մեծ, այսպես ասած, քաղաքական-տնտեսական պոտենցիալ ունենք, այլ՝ ունենք այն, ինչը կոչվում է ազգային ինքնություն, ունենք բազմաթիվ հայեր, ովքեր արտասահմանում են ապրում, ունենք բազմաթիվ հայեր, որոնք մշակույթի մարդիկ են: Փափուկ ուժի լավագույն օրինակներից մեկը Շառլ Ազնավուրն է: Նա փափուկ ուժ է, որովհետև մարդ է, ով մեծ է, աշխարհի, 20-րդ դարի ամենամեծ պոետներից մեկը: Աշխարհը ճանաչել է մեզ, մեր խնդիրները, մեր ցավերը և մեր երազները նույն Ազնավուրի միջոցով: Դա փափուկ ուժ է, և նմանատիպ Ազնավուրներ, կարծում եմ, մեր ազգը շատ ունի:
Ինչ վերաբերում է փափուկ ուժին Ձեր մասնագիտության ոլորտում, որը տեղեկատվությունն է կամ ընդհանրապես մեդիան, կարծում եմ, որ կարիք կա, որ Հայաստանը ինչ-որ ձևով նորից վերադարձնենք աշխարհի շախմատի, այսպես ասած, տախտակի վրա՝ որպես նաև տեղեկատվական կենտրոն: Ոչ միայն որպես, ռեգիոնալ կամ տեխնոլոգիաների կենտրոն, որն իմ երազանքն է ( որ Հայաստանը դառնա ժամանակակից տեխնոլոգիաների երկիր), այլ նաև մեդիայի ոլորտում: Նախնական համաձայնություն ունեմ, որ Եվրասիական մեդիաֆորումը, որի ստեղծման մեջ ես որոշակի դեր եմ ունեցել տարիներ առաջ, որի 16-րդ ֆորումը տեղի ունեցավ այս տարի Ալմաթիում, բերենք Հայաստան: Հայաստանը ոչ միայն եվրոպական երկիր է, այլև եվրասիական և նույն այդ ֆորումին նոր որակ կտա: Հայաստանը կշահի, որովհետև հարյուրավոր լրագրողներ, վերլուծաբաններ կգան, և Հայաստանն էլ նոր ձևով կներկայանա աշխարհին: Կարծում եմ՝ նմանատիպ միջոցառման ժամանակ կարիք կունենանք, որ այդ ֆորումն ունենա գործընկերներ: Եվ ես ակնկալիք ունեմ, որ Ձեր հեռուստաընկերությունը կդառնա մեր գործընկերը:
-Անպայման: Դուք նաև երկար ժամանակ գիտական գործունեություն եք ծավալել: Մեր երկրում գիտության զարգացմանն ի՞նչն է խանգարում:
- Չեմ կարող ասել, որ մեր երկրում խանգարում են գիտության զարգացմանը: Նախ, հիշենք, որ մեր հայկական գիտությունը ժառանգություն ենք ստացել (ժամանակակից բնական գիտությունը նկատի ունեմ, ոչ թե, ասենք, լեզվաբանությունը կամ պատմագիտությունը): Ժամանակակից բնական գիտությունները ստեղծվել են խորհրդային տարիներին և, հետևաբար, իրենց մեջ կրում են խորհրդային տարիների դրոշմը՝ կառուցվածքից սկսած մինչև մոտեցումներ: Այս տարիների ընթացքում՝ անկախության տարիներին, փոփոխվել է համակարգը, բայց եկեք ազնվորեն ասենք, որ շատ ինստիտուտներ, կառույցներ կան, որոնք շատ ավելի փոքրացել են, գիտնականներ, անհատներ կան, որոնք լքել են Հայաստանը, և ինչ-որ իմաստով նորից մենք պետք է հայտնաբերենք գիտական ուժը: Սակայն եթե խորհրդային տարիներին գիտությունը ծառայում էր ուղղակի պետությանը, գաղափարախոսությանը և նրա ուժին, ապա 21-րդ դարում մեր գիտությունը պետք է ծառայի մեր ազգային շահերին և, հետևաբար, տվյալ դեպքում շատ սերտ կապեր պետք է ունենա նոր արտադրության, տեխնոլոգիաների հետ, մանավանդ, մենք ապրում ենք մի շրջան, որտեղ ամեն ինչ շատ արագ է փոփոխվում, և նոր տեխնոլոգիաները էապես փոխելու են մեր կյանքը: Եթե մենք համընթաց կամ ներդաշնակ չշարժվենք նույն արագությամբ, ապա շատ ենք հետ մնալու: Հետևաբար, գիտության դերը մեր հանրության մեջ շատ կարևոր է:
Այն ընկերությունները, որոնց ես փորձում եմ հրավիրել Հայաստան, համալսարանները, ասենք, Հայդելբերգի համալսարանի բնագիտական մասը, Մյունխենի համալսարանը, Քեմբրիջի համալսարանը կամ մեծ ֆրանկո-իտալո-գերմանական, ամերիկյան ընկերություններ, նույն «Թալես»-ը, «Լեոնարդո»-ն, «Էլետրոնիկա»-ն, նրանց գործունեության մեծ մասը գիտական են: Այսօր գիտությունը և արտադրությունը, արդյունաբերությունը սերտաճած են, և չես կարող իրարից բաժանել: Ընդ որում, այսօր արդյունաբերությունը օգտագործում է գիտության ֆունդամենտալ արդյունքները:
Այսինքն, այնպես չէ, որ 100 տարի առաջ ինչ-որ մեծ հայտնագործություն է եղել, որը մնում է զուտ ակադեմիական հետաքրքրություն: 20-րդ դարի հայտնագործությունների մեծ մասը այսօր մտնում է կյանք և արագացնում զարգացումը: Մենք այդ հնարավորությունը ունենք, որովհետև ունենք տաղանդավոր մարդիկ, ինչպես ասացի, նաև գիտության մեջ, որը փափուկ ուժ է: Տաղանդավոր հայերը, որոնք աշխատում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, հսկայական թիվ են կազմում: Ես սկսել եմ նաև բանակցություններ իմ նախկին կոլեգայի՝ Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Սադովնիչիի հետ, որին ճանաչում եմ մոտավորապես 35, 40 տարի, երբ ինքը պրոռեկտոր էր և զբաղվում էր մաթեմատիկական մոդելավորմամբ, ինձ նման: Այսինքն, խոսքն այն մասին չէ, որ միայն ամերիկյանը լինի կամ միայն ֆրանսիականը: Ռուսական գիտությունների ակադեմիայի և գիտական հիմնարկների ու համալսարանների հետ շատ սերտ կապեր ենք ունեցել: Անպայման պետք է ներգրավենք նաև ուրիշ երկրներ, օրինակ, Հնդկաստանը, որովհետև որոշակի ոլորտներում հնդիկները շատ առաջ են անցել, ասենք՝ կենսաբանության, ծրագրավորման ոլորտներում: Չինաստանի հետ. այսօր չաշխատել չինական ընկերությունների հետ, որոնք ժամանակակից բարձրագույն տեխնոլոգիաներ ունեն, կամ ճապոնական, իհարկե սխալ կլինի:
-Հաճախ ենք խոսում երկրից ուղեղների արտահոսքի մասին: «Մտքերի գագաթնաժողովը» կարծես թե հավակնում է համախմբել մտքի հսկաներին: Մենք տեղեկատվական տեխնոլոգիաներից բացի էլ ի՞նչ ունենք ցույց տալու այդ գագաթնաժողովի ընթացքում:
- Գագաթնաժողովը մի տեղ է, որտեղ մենք պետք է սովորենք, պետք է հարցեր տանք, բարեկամներ ձեռք բերենք և, իհարկե, առիթը բաց չթողնենք մեր որոշակի հաջողությունները ցույց տանք, որ մարդիկ տեսնենք, որ Հայաստանն ունի պոտենցիալ: «Մտքերի գագաթնաժողովը» ամեն տարի է լինելու և լինելու է գործիքներից մեկը:Այն ես պատկերացնում եմ ընդհանուր մի պլատֆորմի մաս, որն անվանում եմ ժամանակակից հետազոտությունների ինստիտուտ: Դա վիրտուալ գաղափար է, ոչ թե իրական, որտեղ ես կուզեի հավաքել առանձին համատեղ ձեռնարկություններ, նույն, ասենք, մեծ ֆրանսիական, գերմանական, իտալական, ամերիկյան, ռուսական ընկերությունների կամ համալսարանների հետ, բայց բոլորը լինեն ինչ-որ պլատֆորմի մեջ: Այդ պլատֆորմը, բնական է, պետք է նաև ունենա կոնֆերանսների, մտքերի փոխանակման և այլնի հնարավորություն:
-Հավանաբար, կհնչեն նաև տնտեսական հեղափոխությանը նպաստող գաղափարներ:
-Ամեն ինչ կհնչի: Ինչպես Ձեզ ասացի՝ սպեկտրը շատ լայն է, և սա է Շամոնիի «Մտքերի գագաթնաժողով»-ի գեղեցկությունը, որտեղ գալիս ես խոսելու ամեն ինչի մասին, քանի որ 21-րդ դարում ամեն ինչ կարևոր է, այսինքն՝ չես կարող տարանջատել այսօր Ձեր մասնագիտությունը՝ լրատվությունը, Ձեր ժամանցը, հետո քաղաքականությունը և տեխնոլոգիաները: Այդ բոլորը սերտաճած են իրար հետ: Տեսնում եք՝ ընդամենը Ձեր մասնագիտությամբ ունեք ամեն ինչ: Ունեք նոր տեխնոլոգիաներ, ժամանց: Մարդկանց կյանքն իրականում այդ բոլորի խառնուրդն է: Եթե մենք ուզում ենք 21-րդ դարի մասին մտածել, ապա իսկապես պետք է նայենք 21-րդ դարի աչքերով, որտեղ դոմինանտը լինելու է 4-րդ արդյունաբերական հեղափոխությունը, որին ես ուրիշ անուն եմ նախընտրում տալ՝ R-evolution, այսինքն՝ արագ հեղափոխություն, որովհետև սա էվոլյուցիոն է լինելու, բայց շատ արագ: Եվ այդ պատճառով չեմ ուզում, որ մենք ևս մեկ օր, մեկ տարի, մեկ հնգամյակ կամ մեկ տասնամյակ կորցնենք և ներդաշնակ չընթանանք աշխարհի հետ:
-Ի՞նչ ներուժ ունենք ներդաշնակ ընթանալու: Ի՞նչ լծակներ ունենք իրագործելու:
-Ներուժը մեր հայ մարդն է, որին, կարծում եմ, հազարավոր տարիներ պատրաստել են 21-րդ դարի համար: Սովորեցրել են՝ ինչպե՞ս գոյատևել, ինչպե՞ս դժվարությունից դուրս գալ, ինչպե՞ս ունենալ սեփական և ուժեղ կարծիք, պատրաստ են ամեն գնով պաշտպանել և արտահայտել:Սովորեցրել են սովորել, նաև, հույս ունեմ, սովորեցրել են պատրաստ լինել երկխոսությանը, հարգել ուրիշի մտքերը, լսել ուրիշի մտքերը, սովորեցրել են, որ սովորելն անհրաժեշտություն է կյանքի ամեն պահի, սովորեցրել են լինել հանդուրժող երկխոսողի նկատմամբ, չլինել մեծամիտ, անկախ նրանից՝ ինչ տարիքի ես: Ես ուրախությամբ ձեզնից սովորելու պատրաստակամություն եմ հայտնում և ցանկացած անհատից, որովհետև դա բուն զարգացման հեղափոխության ամենահիմնական խնդիրն է: Որովհետև 21-րդ դարում ինդուստրիալ հեղափոխությունը կամ R-evolution կոչվածը տեղի է ունենալու հիմքում ունենալով կրթական համակարգը: Ուրեմն՝ մեր առաջնային խնդիրներից մեկը կրթական համակարգը բարելավելն է և նաև սովորեցնել սովորել ամեն օր:
-Շնորհակալություն, պարոն նախագահ: