07
05, 2019

«Ինչ-որ տեղ մենք բոլորս երկրապահ ենք, աշխարհազորային».նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԵԿՄ վարչության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երկրապահ կամավորների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ:

Շնորհավորելով գալիք տոնի՝ Երկրապահի օրվա առթիվ, Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ երկրապահները մեծ ներդրում ունեն Արցախի ազատագրման և ինքնիշխանության վերականգնման, մեր անկախ պետականության կայացման և անվտանգության ապահովման գործում: «Մեր պատմության բոլոր շրջադարձերում, դժվար օրերին աշխարհազորի գաղափարը միշտ ուժեղ է եղել մեր մեջ»,-ասել է նախագահ Սարգսյանը: Նա նշել է, որ արցախյան պատերազմի սկզբնական փուլում, երբ դեռևս կանոնավոր բանակ չկար, երկրի պաշտպանության պարտականությունն ընկած էր կամավորների, երկրապահների ուսերին:

«Դուք հայրենիքի պաշտպան եք, ազգի և հայրենիքի պաշտպանության սիմվոլը,-ասել է Հանրապետության նախագահը:- Ունեք մեկ առաքելություն՝ հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, ընդհանրապես մեր ազգը պաշտպանելու առաքելություն: Եվ, իհարկե, ունեք առաքելություն՝ փոխանցելու այս բոլորը հաջորդ սերնդին»:

ԵԿՄ վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը, շնորհակալություն հայտնելով երկրի նախագահին ընդունելության համար, նշել է, որ երկրապահը միշտ պատրաստ է մասնակից լինել հայրենիքի պաշտպանության գործին: Նա ներկայացրել է ԵԿՄ վարչության կազմը և անդրադարձել կազմակերպության անելիքներին ու խնդիրներին: Այդ շրջանակում ԵԿՄ վարչության նախագահը կարևորել է սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը և ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծումը:

Կրկին շնորհավորելով մայիսյան գալիք մեծ տոների՝ Շուշիի ազատագրման, ֆաշիզմի դեմ հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և Երկրապահի օրերի առթիվ, Հանրապետության նախագահը երկրապահներին մաղթել է քաջառողջություն և ընտանեկան երջանկություն. «Շատ բաներ ունեք՝ կամք, հերոսություն, ուժ, հիշողություն, բայց ուզում եմ, որ ամուր ու առողջ լինեք, որովհետև մեծ գործ ունեք անելու: Ծանր բեռ եք ձեր ուսերին վերցրել: Ձեր կորցրած ընկերների, մեր հերոսների հայացքը վերևից միշտ ձեզ վրա է լինելու: Ինչ-որ տեղ մենք բոլորս երկրապահ ենք, աշխարհազորային: Ես, որպես նախագահ, միշտ պատրաստ եմ ծառայել իմ երկրին, մեր ազգին և այն կարևոր գործին, որ երկրապահն է անում»: 

← Վերադառնալ