Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չեխիայի դեսպանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հայ-չեխական հարաբերությունների ամրացմանն ուղղված դեսպանի ջանքերի ու նվիրված աշխատանքի համար՝ նշելով, որ այս տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել:
Դեսպան Պետր Միկիսկան կարևորել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարումը նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների խաղաղ հանգուցալուծման գործում:
Երկուստեք անդրադարձ է կատարվել տնտեսական, գիտակրթական և հետազոտական ոլորտներում Հայաստանի ու Չեխիայի միջև համագործակցության հեռանկարներին։ Նշվել է, որ երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը:
Արմեն Սարգսյանը հաջողություն է մաղթել դեսպան Պետր Միկիսկային հետագա գործունեության մեջ: