Մամուլի հաղորդագրություններ
Ձեզնից յուրաքանչյուրն ի վերջո մի օր վերադառնալու է Հայաստան. Արմեն Սարգսյանը հանդիպել է Պորտուգալիայի հայ համայնքի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Պորտուգալիայում, այսօր «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նախագահը նշել է, որ թեպետ պորտուգալահայ համայնքը փոքրաթիվ է, սակայն փոքրը միշտ հարաբերական է: «Դուք փոքր եք, բայց Գալուստ Գյուլբենկյանն ընդամենը մեկն էր` շատ հզոր ազգային ինքնությամբ: Բավական է ընթերցես կամ հետևես նրա կյանքի պատմությանը, որպեսզի մեկ անգամ ևս համոզվես, թե որքան ուժեղ և հզոր է եղել նրա մեջ հայկականությունը: Լինելով, իհարկե, համաշխարհային մակարդակի ստեղծագործ գործարար մարդ՝ նա ոչնչից հսկայական գործընթացներ է սկսել, ընկերություններ ստեղծել: Գյուլբենկյանն իսկապես ստեղծագործ մարդ էր»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ բացի մեծ գործարար լինելուց՝ Գյուլբենկյանը նաև մարդկային հարաբերությունների մեծ վարպետ էր: «Իրականում, անհնար էր ոչնչից ստեղծել հսկայական արդյունք՝ առանց լինելու մարդկային հարաբերությունների պրոֆեսոր, մեկը, ով շատ լավ հասկանում էր տարբեր մշակույթներ, մարդ, ով իրար էր կապել ողջ աշխարհը՝ Վենեսուելայից սկսած մինչև Ավստրալիա, Եվրոպայից մինչև արաբական աշխարհ: Հանձին Գյուլբենկյանի՝ ունեինք մի հայ, ով իր մեջ կրում էր համաշխարհային մշակույթը և այսպես կոչված բանակցային արվեստը: Եթե Գալուստ Գյուլբենկյանը չզբաղվեր գործարար կյանքով, թերևս լիներ աշխարհի լավագույն դիվանագետներից մեկը»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Նա խոսել է նաև Գյուլբենկյանի բարձր ճաշակի և արվեստի նկատմամբ տածած սիրո մասին, որն ամփոփվել է նրա հսկայական հավաքածուում:
«Այս շարքը կարելի է շարունակել, քանի որ գործ ունենք իրականում հանճարեղ մի մարդու հետ, սակայն այս ամենից առաջ Գալուստ Գյուլբենկյանը հայ մարդ էր և մեծ հայ: Նա ոչ միայն իր ծագմամբ էր հայ, այլև իր մտածելակերպով, իր ամենօրյա գործունեությամբ: Հայկականությունն ամեն տեղ էր՝ սկսած հարգանքից ծնողների, մշակույթի հանդեպ, մինչև վերաբերմունքը մեր ողջ ժողովրդի նկատմամբ», - ասել է Հանրապետության նախագահը՝ ընդգծելով, որ բնական է, որ Պորտուգալիա այցի շրջանակում պետք է լիներ այստեղ ու հանդիպեր հայ համայնքի հետ:
Դիմելով Պորտուգալիայի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն ի վերջո մի օր վերադառնալու է Հայաստան: Վերադառնալու է և իր հետ բերելու գիտության, արվեստի, մշակույթի, գործարար կյանքում ունեցած հաջողությունները: Վերադառնալու եք Հայաստան ձեր փոքրիկների հետ, բերելու եք և նրանց վերադարձնեք հայրենիք, որովհետև նրանք են մեր ապագան ու մեր ամենամեծ արժեքը»: