Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սարգսյանը Հորդանանում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումի բացմանը
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի բացման արարողությանը։
Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումը տեղի է ունենում Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի և թագուհի Ռանիա Ալ-Աբդալլահի աջակցությամբ և նրանց բարձր հովանու ներքո:
Ֆորումի բացմանը ներկա են եղել երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, պետական, գործարար ու քաղաքացիական շրջանակը ներկայացնող ավելի քան 1000 առաջնորդներ։
Ֆորումի մասնակիցներին ողջունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմը։ Ելույթ ունեցողներն անդրադարձել են այն խնդիրներին ու մարտահրավերները, որոնց առերեսվում է տարածաշրջանն ու աշխարհը՝ մասնավորապես խոսելով էներգետիկ անվտանգության, մաքուր և վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, կլիմայական համակարգի փոփոխությունների և մի շարք այլ հարցերի շուրջ: