13
02, 2019

Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր և ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի բազմաթիվ պետությունների և կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, անվտանգության ոլորտի փորձագետների: Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, որոնք արտացոլում են տվյալ ոլորտի արդի մարտահրավերները:

Համաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահը կայցելի նաև Գերմանիայի հնագույն՝ Հայդելբերգի համալսարան, որտեղ հանդես կգա ելույթով, ապա կպատասխանի ներկաների հարցերին: Նախագահ Արմեն Սարգսյանն այցի ընթացքում կհանդիպի նաև գիտական և գործարար շրջանակների հետ, կայցելի Եվրոպական հարավային աստղադիտարան (European Southern Observatory), որն աստղագիտական հետազոտություններ իրականացնող աշխարհի խոշորագույն կենտրոններից է:

← Վերադառնալ