10
12, 2018

Ցեղասպանությունից 103 տարի անց մենք ապացուցել ենք ողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթեն. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումին, որը նվիրված է կրթության միջոցով ցեղասպանության կանխարգելման հիմնահարցերին:

Ողջույնի խոսքում հայերենով «բարի լույս» մաղթելով միջազգային ֆորումի մասնակիցներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայերենում «բարի լույսը» ոչ միայն «բարի առավոտ» է նշանակում , այլև՝ «բարի» կամ «լավ լույս», և մարդկության պատմության ընթացքում ունեցել ենք ինչպես լույսի հաղթանակներ, այնպես էլ չարության ապացույցներ:

«Պայքարը լույսի ու խավարի միջև մինչ օրս արդիական է: Այս համաժողովը միտված է պայքարելու հենց այդ խավարի ու չարի դեմ: Բազմաթիվ բաղադրիչներ կան, որոնցով արտահայտվում է այդ չարությունը. այն, թե ինչպես ենք վերաբերվում մեր սիրելի տանը, մեր մոլորակին, ռասսայով, սեռով, կրոնով տարբերվող մարդկանց իրավունքներին: Ցավոք, խավարը միշտ չէ, որ պարտվում է:

21-րդ դարում՝ չափազանց արագ զարգացող իրադարձությունների կիզակետում, ամեն բան, ինչ տեղի է ունենում այս մոլորակի վրա՝ չար կամ բարի, շատ արագ է տարածվում, ձևավորում արմատներ, ունենում հետևորդներ: Ես սա չեմ անվանում հեղափոխություն, արդյունաբերական հեղափոխություն: Մենք հիմա այլ դարաշրջան ենք մտնում, որը սրընթաց էվոլյուցիա է: Դրանում ամենամեծ չարությունը՝ ցեղասպանության հանցագործությունը, ցավոք, նույնպես գտնում է սնուցման աղբյուրներ: Ակնհայտ է, որ այն չի դադարի գոյատևել, եթե չպայքարենք դրա դեմ:

Մինչև լուսավոր կողմին անցնելը` կցանկանայի խոսել այս համաժողովի մասին: Հավանաբար, աշխարհում 2-3 տեղ կա, որտեղ կարելի է նման համաժողով անցկացնել: Ցավոք, Հայաստանը այդ վայրերից մեկն է, որովհետև հայերը, որպես ազգ, կրել են ցեղասպանության ցավը:

Հայաստանում երկու վայր է խորհրդանշում կատարվածը. առաջինը Ցեղասպանության հուշահամալիրն ու թանգարանը, երկրորդը հենց այս վայրն է՝ Մատենադարանը: Երբ համեմատում եմ այս երկու վայրերը, երկու թանգարանները, սրանք երկու տաճարներ են, մեկը՝ ի հիշատակ նահատակվածների, մյուսը՝ Մատենադարանը, խորհրդանիշ լույսի, որտեղ մենք պնդում ենք՝ այլևս երբեք: Մատենադարանը վկայում է, որ լույսն ի վերջո հաղթում է տառապանքին, խավարին: Ես հավատացած եմ, որ լույսն ու բարին կհաղթեն: Սա նաև այն վայրն է, որտեղ ցեղասպանության շատ մեծ հիշողություն կա:

Ցեղասպանությունը միայն կազմակերպված հանցագործություն չէ, որը միտված է ազգի, էթնիկ խմբի, հատուկ տարբերություններ ունեցող մարդկանց ոչնչացմանը: Սա գործողություն է ընդդեմ հանդուրժողականության ՝ միտված պատմությունը, մշակույթը, արվեստն ու գիտելիքը վերացնելուն: Այսինքն, շատ ավելի մեծ արհավիրք է, ավելի մեծ ու ծանր հանցագործություն, քան՝ պարզապես մարդկանց ոչնչացումը: Միաժամանակ, Մատենադարանն այն վայրն է, որն ասում է՝ ինչ էլ անես, չես վերացնի: Այն հատուկ է նաև մարդկային պատմության տեսանկյունից:

Հազարավոր օրինակներ կան հայ կանանց մասին, ովքեր, փախչելով ցեղասպանությունից, իրենց հետ վերցրել են ամենաարժեքավորը՝ գիրքը: Իմ տատիկը նույնպես, ով Օսմանյան կայսրությունում ապրող բարեկեցիկ ընտանիքից էր, ցեղասպանության արհավիրքից փախչելիս որևէ բան, անգամ հագուստ կամ զարդ չի վերցրել, տարել է իր հետ ամենաարժեքավորները՝ որդուն և Աստվածաշունչը: Դժբախտաբար, որդուն կորցրել է Էջմիածնի ճանապարհին, բայց այդ լուսավոր Աստվածաշունչը բերել է իր հետ: Այն մինչ օրս կա, եւ իր մեջ ունի ոչ միայն 450 տարվա պատմություն, այլև՝ այն երեխայի կորստի հիշողությունը, ով երբեք չմեծացավ, երբեք չափահաս չդարձավ, իր նպաստը չբերեց արվեստին, մշակույթին, բիզնեսին, քաղաքականությանը, երբեք երեխաներ կամ թոռներ չունեցավ: Սա ապրող հիշողություն է և լույսի տաճար: Հայոց ցեղասպանությունը սկսվեց 103 տարի առաջ, իսկ մենք հիմա հիշատակում ենք բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, տները, ընկերներին, հարազատներին, բարեկամներին, երեխաներին:

103 տարի անց մենք ապացուցել ենք ամբողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթեն, և ապացույցը Հայաստանի Հանրապետությունն է, մեր ժողովուրդը: Մենք փոքր պետություն ենք, բայց՝ համաշխարհային ազգ: Ողջ աշխարհին հայերը հայտնի են որպես աշխատասեր, ազնիվ, շատ հայրենասեր մարդիկ, ովքեր ապրում են տարբեր երկրներում, այդ երկրների լավ քաղաքացիներ են, նպաստում են այդ երկրների հաջողությանը: Նրանք հոգու խորքում փայփայում են ցավը, սակայն, միևնույն ժամանակ, ունեն արժանապատվություն ու հպարտություն, որ մենք կարող ենք հաղթել չարին: Դրա ապացույցն է այս կառույցը, որը կարևոր արժեքներ է պահպանում, այնպիսի արժեքներ, որոնք պետք է վերացվեին, որոնք թիրախի տակ էին, սակայն չոչնչացվեցին՝ պատմությունը, մշակույթը, ժառանգությունը, սերը, կրոնը, Աստված և մարդասիրությունը:

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում, բարով եք եկել մի ժողովրդի մոտ, որը կարողացել է հաղթահարել ամենածանր, ամենադաժան հանցագործությունը՝ ցեղասպանության հանցագործությունը:

Հայաստանը ձեզ հետ է, և հայերի պայքարը ողջ աշխարհում միտված է լույսին՝ ընդդեմ չարի»: 

← Վերադառնալ