Մամուլի հաղորդագրություններ
Սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պարտականությունն ու պատասխանատվությունը ցուցադրելու պահն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր առավոտյան կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ Երևանի թիվ 9/59 ընտրատեղամասում մասնակցել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը:
Լրագրողների հետ զրույցում նախագահ Սարգսյանն ասել է.«Սա կարևոր օր է, երբ ժողովուրդը պետք է արտահայտի իր կամքը: Հույս ունեմ, որ մեզնից յուրաքանչյուրը կկատարի իր պարտականությունը՝ գալով ընտրատեղամաս ու ընտրելով»:
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ընտրությունները կլինեն ազատ և անկախ. «Սրանք պետք է լինեն ընտրություններ ապագայի համար: Յուրաքանչյուր ընտրող պետք է մտածի և դատի իր խղճով, մտածի իր ընտանիքի, երեխաների մասին, այն պատասխանատվության մասին, որը կրում է: Իսկ երկրի ապագայի համար պատասխանատվություն կրում են բոլորը՝ և՛ նախագահը, և՛ վարչապետը, և՛ Ազգային ժողովը, և՛ նախարարները, բայց նախ և առաջ՝ յուրաքանչյուր քաղաքացի: Սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պարտականությունն ու պատասխանատվությունը ցուցադրելու պահն է: Ուստի կրկին ուզում եմ ձեզ շնորհավորել ընտրությունների առթիվ և մաղթել, որ ընտրությունները լինեն իսկապես ազատ և անկախ»: