Մամուլի հաղորդագրություններ
«Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար․ նախագահ Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտ (Fraunhofer IPK), որը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ սպեկտրի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում: Ինստիտուտը նաև նորարարական գաղափարների զարգացմանն ուղղված հետազոտական ծրագրեր է իրականացնում: «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը յոթ տասնյակից ավելի գիտահետազոտական կենտրոններ ունի և գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում։
«Ֆրաունհոֆեր» ինստիտուտը 2016 թվականից համագործակցում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հետ՝ հնագույն և միջնադարյան ձեռագրերի թվայնացման և վիրտուալ վերականգնման ծրագրի շրջանակում։ 2017 թվականից մեկնարկել են 13-14-րդ դարերի «Նարեկ» աղոթագրքի ձեռագրի թվայնացման և վերականգնման աշխատանքները:
Ինստիտուտի տնօրեն Էքարթ Ուհլմանի ուղեկցությամբ նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են հաստատության «Արտադրական տեխնոլոգիաներ» փորձարարական սրահում, ծանոթացել ինստիտուտի գործունեությանը։
Շրջայցից հետո հանդիպում է տեղի ունեցել ինստիտուտի ղեկավար կազմի մասնակցությամբ, որի ժամանակ ներկայացվել են հաստատության գործունեության ուղղությունները, ինչպես նաև «Նարեկ»-ի թվայնացման և վերականգնման ծրագիրը։ Նշվել է, որ պատմական մեծ արժեք ունեցող այս ձեռագիրը եղել է պատառոտված և բավականին վատ վիճակում, որոշ էջեր բացակայել են: Յուրօրինակ տեխնոլոգիայի միջոցով իրականացվել է ձեռագրի էջերի, պատառիկների թվայնացումն ու վիրտուալ վերականգումը:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի հետ համագործակցության հետագա հնարավորությունները։ Ինստիտուտի ղեկավարները տեղեկացրել են, որ հետաքրքրված են Հայաստանում նախագծերի իրականացմամբ և նշել, որ համագործակցության վերաբերյալ գաղափարներ ունեն, որոնք առնչվում են տեղեկատվական և բարձր տեխնոգիաների ոլորտներին, ավտոմատացման համակարգերին, ռոբոտաշինությանը և այլն։
Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է Հայաստանում ինստիտուտի գործունեության ընդլայնումը։ ««Ֆրաունհոֆեր»-ի աշխատակիցներն արդեն հանդիպում են ունեցել Հայաստանի կառավարության հետ, և նոր համագործակցության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ կան։ Այն միայն Մատենադարանին չի վերաբերում, խոսքը մեծ ինդուստրիալ համագործակցության մասին է»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախագահ Սարգսյանը՝ նշելով, որ «Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար, և իրականացվելիք ծրագրերը կարող են նպաստել հայկական արդյունաբերության ու արտադրության զարգացմանը։