21
11, 2018

Լավագույն ժամանակն է, որ նաև տնտեսական հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել են «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանդիպմանը, որին ներկա են եղել տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ:

Հանրապետության նախագահը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Հարգելի՛ գործընկերներ, նախարարներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօր մենք հավաքվել ենք՝ խոսելու երկու նյութից: Մեկը կոչվում է գործարարություն, մյուսը՝ բարեգործություն: Երկուսն իրար հետ շատ կապակցված են: Դժվար է պատկերացնել՝ եթե մարդը հաջող է գործարարության որևէ ոլորտում, նա հնարավորություն կամ ցանկություն չունենա զբաղվել նաև բարեգործությամբ:

Կուզեի նշել, որ այսօր առանձնահատուկ օր է: Ոչ թե նրա համար, որ հավաքվել ենք խոսելու բարեգործության, գործարարության մասին, այլ նախ և առաջ նրա համար, որ Երեխաների համաշխարհային օրն է: Կարծում եմ՝ սա շատ կարևոր է, որովհետև եթե մտածենք մի քիչ ավելի խորը, կտեսնենք, որ երկու գործունեության ակունքներում և հիմքում նույն՝ երեխաների գաղափարն է, այսինքն՝ մեր ժառանգության, հաջորդ սերնդի: Երեխաները նաև մեր ընտանիքն են, մեր հայրենիքն են ու ապագան: Չեմ կարծում, որ որևէ մեկը գործարարությամբ և բարեգործությամբ զբաղվում է զուտ իր անձի համար: Ի վերջո զբաղվում է իր, իր ընտանիքի, երկրի և ողջ ժողովրդի բարօրության համար:

Ուստի կրկին ուզում եմ շնորհավորել ձեզ և մաղթել, որ ձեզնից յուրաքանչյուրի ընտանիքում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում ու Արցախում երեխաներն ապրեն բարեկեցիկ, ուրախ, հոյակապ, լավագույն կրթությունը ստանան աշխարհում և պատրաստ լինեն աջակցելու, իրենց ներդրումը բերելու և, եթե կարիքը լինի, նաև պաշտպանելու հայրենիքը:

Խոսելով գործարարության մասին՝ վստահ եմ, որ պարոն վարչապետը ելույթում կանդրադառնա կառավարության գործունեությանը, ապագա ծրագրերին, տեսլականին: Հետևաբար, կուզենայի օգտագործել առիթը՝ խոսելու ձեզ հետ վերջին ամիսների իմ դիտարկումների մասին: Մասնավորապես արտերկրում մեր երկրի նկատմամբ վերաբերմունքի, Հայաստանի իմիջի ու հեղինակության մասին:

Վերջին ամիսներին առիթ եմ ունեցել ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում հանդիպումներ ունենալ ոչ միայն քաղաքական գործիչների, վերլուծաբանների, այլ նաև՝ գործարար լայն շրջանակների հետ: Ընդ որում, այդ շրջանակները բավականին լայն սպեկտր ունեին՝ սկսած սննդի, գյուղատնտեսության ոլորտներից՝ Danone, Nestle ֆրանսիական ընկերություններից մինչև Inalca իտալական մեծ ընկերություն: Հանդիպումներ եմ ունեցել նաև շինարարական ընկերությունների, օրինակ, Իտալիայի շինարարների ասոցիացիայի, ֆրանսիացիների, շատ մեծ բանկերի հետ: Բայց առանձնահատուկ իմ ուշադրության կենտրոնում է եղել նոր տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի ոլորտը: Իհարկե, Հայաստանը պետք է ունենա համաչափ տնտեսություն, որտեղ ամեն ինչ պետք է զարգացած լինի, սակայն այն լոկոմոտիվը, որը մեզ պետք է առաջ մղի 21-րդ դարում և դարձնի աշխարհի լավագույն, առաջադեմ երկրներից մեկը, նոր տեխնոլոգիաներն են:

Ուզում եմ ձեզ փոխանցել այն, ինչ ստացել եմ նրանցից: Ուզում եմ ձեզ փոխանցել, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, Հայաստանի ու մեր ժողովրդի կերպարը շատ դրական են: Սրանք գովեստի խոսքեր չեն, իրականություն են, որոնք դուք պետք է իմանաք նաև գործնական տեսանկյունից:

Փորձեմ թվարկել մի քանի պատճառ, որոնք գուցե դասագրքային են, պարզ են ու հասկանալի, սակայն էական են: 

Նախ և առաջ, եկեք հիշենք անցած մի քանի տարիները: Դրսում ապրող հայերի և ոչ հայերի համար Հայաստանը վերջին տարիներին հիշատակվել է մի քանի առիթով: Մեկը Եղեռնի 100-ամյակն է: Ուզենք, թե չուզենք՝ 100-ամյակը, որ աշխարհով մեկ նշվեց՝ Երևանից սկսած մինչև Մոսկվա, Վատիկան և Հռոմ, Վաշինգտոնից մինչև Լոնդոն, ամենաբարձր մակարդակով, էապես փոխեց վերաբերմունքը մեր ժողովրդին ու պատմությանը, մեր ժողովրդի կերպարին ու տեսակին: Կրկին մենք աշխարհին ներկայացանք որպես ժողովուրդ, որն ունի սկզբունքներ: Ուժեղ ժողովուրդ, որին փորձեցին ոչնչացնել, բայց նա ամուր կանգնած է իր ոտքերի վրա:

Իհարկե, այս տարվա ապրիլյան դեպքերը Հայաստանին բարձրացրեցին ամենաբարձր մակարդակի: Անկայուն աշխարհում գործընթացները, որոնք տեղի են ունենում մարդկային, գեղեցիկ ձևով, դառնում են արժեքավոր: Հայաստանն այսօր ինչ-որ իմաստով յուրօրինակ երկիր է, որտեղ մեծ, պատմական փոփոխություն է տեղի ունեցել, սակայն շատ պարզ և մարդկային ձևով: Մենք ինչ-որ իմաստով յուրօրինակ ենք, քանի որ ասում ենք՝ տեսեք՝ անհանգիստ աշխարհում կա մի տեղ, որտեղ կիրթ ձևով հեղափոխություն է կատարվել: Այսինքն, գործարար շրջանակների ամենաբարձր մակարդակներում մարդկանց գիտակցության մեջ կա, որ Հայաստանը տարբեր է, յուրօրինակ է, հետևաբար, Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն է տարբեր:

Իհարկե, չեմ կարող չնշել նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի փայլուն անցկացումը Հայաստանում: Պետք է շնորհակալության խոսք ասել վերջին մի քանի տարիների հայկական դիվանագիտությանը այս հաջողության համար, և, իհարկե, կառավարությանը՝ փայլուն կազմակերպելու համար: Երեկ ես հրամանագիր ստորագրեցի Ֆրանկոֆոնիան լավ կազմակերպելու համար մի քանի անհատների պարգևներ տալու մասին:

Մենք հատուկ երկիր ենք, այսօր մարդիկ հատուկ հետաքրքրություն ունեն Հայաստանի նկատմամբ:

Փաստը, որ Հայաստանում այսօր հայտարարված է և իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար, աննկատ չի անցնում աշխարհում՝ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում: Սա շատ դրական երևույթ է: Խոսքն ընդհանրապես կոռուպցիայի և մասնավորապես դատաիրավական համակարգում այն քայլերի մասին է, որոնցով մենք ուզում ենք, որ դատարանը դառնա այն դատարանը, որի մասին երազում ենք: Չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում լինեն ներդումներ, եթե մարդիկ չեն վստահում դատարանին: Եթե ուշադիր լինենք, աշխարհի ամենամեծ ներդրումային ծավալ ունեցող երկրներն անպայման ունեն լավագույն դատաիրավական համակարգը: Ինչո՞ւ են աշխարհում այսօր հայտնի անգլիական, շվեյցարական կամ Սինգապուրի օրենքները՝ որովհետև մարդիկ վստահում են դատարանին: Դատարանն, իհարկե, վերջին տեղն է, որտեղ պետք է գնան գործարարները: Նախքան դատարանը հասնելը նրանք պետք է կարողանան լեզու գտնել, սակայն եթե դատարանին չես վստահում, ապա դժվար է:

Ես շատ կցանկանայի, որ Հայաստանում մեկ ուրիշ դատական համակարգ զարգանար՝ արբիտրաժի դատարանը, այսինքն՝ երկխոսության, բանակցելու մեկ ուրիշ էլեմենտ: Մենք, ցավոք սրտի, արբիտրաժի մշակույթ չունենք:

Մեկ ուրիշ դասական էլեմենտ էլ բանկային և ֆինանասատնտեսական համակարգերն են: Ես ամեն առիթով օգտագործում եմ այն փաստը, որ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն, բայց թե՛ դրամը, թե՛ բանկային համակարգը մնացին անփոփոխ: Սա հսկայական առավելություն է մարդկանց գիտակցության մեջ, որ Հայաստանը կայուն տնտեսական համակարգ ունի: Եւ եթե Հայաստանում արժույթը և բանկային համակարգը դրամատիկ փոփոխությունների ընթացքում կայուն են մնում, ապա Հայաստանին կարելի է վստահել:

Եվ վերջապես, ուզում եմ խոսել հայ մարդու կերպարի մասին ու կրկին ցանկանում եմ իմ շնորհակալության խոսքը հղել մեր հայրենակիցներին, մասնավորապես նրանց, ովքեր գտնվում են սփյուռքում՝ Ռուսաստանից մինչև Լիբանան, Արգենտինայից Միացյալ Նահանգներ: Տասնյակ տարիների ընթացքում աշխարհում ստեղծվել է հայ գործարար մարդու կերպար, և այդ կերպարն ազնիվ, աշխատասեր մարդու կերպար է: Սա մեծ արժեք է մեր երկրի ու բիզնեսի գրավչության համար: Պետք է ամեն ինչ անենք, որ այդ կերպարն անսասան մնա: Խորին շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև սփյուռքի բոլոր հայ գործարարներին, քանի որ նրանք են ստեղծել աշխատասեր ու ազնիվ ժողովրդի կերպարը:

Երկու խոսք բարեգործության մասին: Գիտեք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնն է: Հիմնադրամը ստեղծվել է 1990-ականների սկզբին, հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուժերով և գործել է բոլոր տարիներին: Ըստ ավանդույթի՝ երկրի նախագահը եղել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, և այժմ ես եմ ստանձնել այդ պաշտոնը:

Վարչապետի հետ մայիսին առաջին հանդիպման՝ տարեկան ժողովի ժամանակ դրվեց հստակ խնդիր գործադիր տնօրինության առջև, որ 20-րդ դարի վերջում ստեղծված համահայկական հիմնադրամը պետք է ձևափոխվի, դառնա 21-րդ դարի հիմնադրամ: Ժամանակը փոխվել է, գործարարների ու բարերարների մեծ մասը հինը չեն, ավելի երիտասարդ են: Մեր հայկական բարեգործական կառույցը կարևոր է, պատմություն ունի, Հայաստանից դուրս հազարավոր հայեր վստահում են կազմակերպությանը: Իհարկե, կազմակերպությունն ունեցել է խնդիրներ, գիտեք՝ գործադիր տնօրենի հետ կապված, սակայն ցույց տվեց ժամանակը, որ այն առողջ մարմին է: Հայտարարվեց գործադիր տնօրենի մրցույթ, և մոտ 40 մարդ դիմեց ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Այսինքն, մարդիկ հավատում են: Ընտրվեց, կարծում եմ, բոլոր չափանիշներով լավագույն գործադիր տնօրենը:

Իհարկե, բարեգործական կառույցը բժշկի կամ բանկի նման կառույց է: Պետք է վստահես: Եթե բժշկին չվստահես, ինչպե՞ս ես գնալու նրա մոտ: Եթե բանկի գործունեությանը չվստահես, ինչպե՞ս ես փողդ պահելու: Եթե բարեգործական կառույցի բյուրեղային մաքրությանը չվստահես, ինչպե՞ս կարող ես նվիրաբերել: Կառույցի և տնօրինության առջև խնդիր է դրված, որ նոր մոտեցում ձևավորվի բարեգործական կառույցի ապագայի համար:

2018 թվականին ոչ միայն մեր առաջին հանրապետության 100- ամյակն էր, ոչ միայն Երևանի 2800-րդ տարեդարձն էր, ոչ միայն ապրիլյան հեղափոխության տարին էր: Նաև Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցն է: Այն մարդիկ, ովքեր 30 տարի առաջ են ծնվել, չեն հիշի այդ օրը: Ես հիշում եմ՝ այդ օրը Հայաստանի Գիտությունների ակադեմիայի համակարգչային կենտրոնում զրուցում էինք պրոֆեսոր Շուքուրյանի հետ, երբ շենքը սկսեց գնալ-գալ: Հետո ուսանողների հետ գնացինք՝ օգնելու մարդկանց դուրս բերել փլատակների տակից: Թվերն եմ ուզում հիշեցնել. 25 հազար մարդ ըստ պաշտոնական տվյալների, բայց մինչ օրս մարդիկ հավատում են, որ այդ թիվն ավելի մեծ է եղել, որ ուղղակի խորհրդային կառավարությունը թաքցրել է այդ թիվը: Մեկ օրվա մեջ ավելի շատ մարդ է զոհվել, քան ողջ Արցախյան պատերազմի ընթացքում: 45-50 հազար մարդ դուրս են բերվել փլատակների տակից: Դա գրեթե նույնն է, ինչ այսօրվա Գյումրիի բնակչությունը: 500 հազար մարդ անօթևան է մնացել:

Ուզում եմ հիշեցնել, որ Սպիտակի, Վանաձորի, Գյումրիի մեր հայրենակիցները շատ համբերատար են եղել՝ գիտակցելով, որ բոլոր այդ տարիներին մենք լուծելու ուրիշ խնդիրներ ենք ունեցել, իրենց պահանջը չեն պարտադրել մեզ:

Շատ բան է արված: Գյումրիում շինարարություն է արված տարբեր անհատների կողմից, չենք կարող մոռանալ Քըրք Քըրքորյանի մեծ ներդրումը, կառավարությունների ծրագրերը, սակայն երբ այսօր գնում եք Գյումրի, նույն ցավը կա:

Բարեգործությունը և գործարարությունը կարող են իրար հետ կապվել: Գյումրին մեր պատմական քաղաքն է: Երևանը 2800 տարեկան քաղաք է, սակայն գտեք իրար կողք երեք փողոց, որոնք 100 տարեկան են: Երևանում չկա, բայց կա Գյումրիում: Այդ քաղաքը կերպար ունի: Մարդիկ հատուկ են, հատուկ մշակույթ ունեն, արվեստի, թատրոնի քաղաք է: Քաղաքը գեղեցիկ է, եթե կարողանանք վերանորոգել:

Ցավալի է, որ նախորդ տարի Գյումրի այցելել է 30 հազար մարդ, իսկ Արցախ՝ 18 հազար: Եթե համարենք, որ Արցախ այցելած մարդկանց մի մասը ծնողներն են, ովքեր գնացել են տեսնելու ծառայող զավակներին, ապա ուղղակի այցելուների թիվը քիչ է: Իսկ Գյումրի այցելած 30 հազարից 20 հազարն այն գյումրեցիներն են, ովքեր եկել են այցելելու ընտանիքներին: Իսկ Վրաստան նախորդ տարի այցելել է ավելի քան 1 մլն մարդ:

Հայրենասիրությունը միայն սահմանին հայրենիքը պաշտպանելը չէ: Հայրենասիրությունը նաև այն է, որ շաբաթ-կիրակի երեխաների հետ այցելենք Գյումրի:

Իմ կոչը ձեզ հետևյալն է. ձեր շաբաթ-կիրակին ընտանիքների հետ անցկացրեք Վանաձորում, Սպիտակում, Իջևանում, Լոռիում, Գավառում, Արցախում՝ ուր կուզեք:

Երբ Գյումրին կունենա ոչ թե 30, այլ 300 հազար այցելու, այդ քաղաքը լրիվ ուրիշ քաղաք կդառնա: Ե՛վ հյուրանոցներ կավելանան, և՛ ռեստորաններ:

Կոչ եմ անում աջակցել հիմնադրամին և շաբաթ-կիրակին անցկացնել Երևանից դուրս:

Կոչ եմ անում ձեզ՝ որպես գործարար՝ նախ և առաջ վստահ եղեք, որ մեր երկրի կերպարն այսօր աշխարհով մեկ շատ դրական է: Եվ եթե պետք է օգտագործվի Հայաստանը որպես դարպաս դեպի եվրասիական տարածք և Միջին Արևելք, արտասահմանյան ընկերությունների համար լոկոմոտիվը դուք եք:

Վստահ եղեք, որ լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, ևս մեկ հեղափոխություն անենք, և այդ հեղափոխությունը տնտեսական պետք է լինի»:
 

← Վերադառնալ