01
11, 2018

Կոչ եմ անում բոլորին՝ դադարեցնել փոքր հակամարտությունների միլիտարիզացիան. նախագահ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման քննարկումներին, որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանն ու վստահության ստեղծմանը, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտություններին։

Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթով հանդես է եկել տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը՝ նշելով, որ ցանկանում է իր դիտարկումներով կիսվել պարզապես որպես քննարկման մասնակից և չի պատրաստվում պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ Հայաստանում իրավիճակի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, չնայած քննարկումներն անցկացվում են Մինսկում, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ բանակցային գործընթացով զբաղվող ԵԱՀԿ խումբը կոչվում է Մինսկի խումբ։ «Ես հուսով եմ, որ մի գեղեցիկ օր այս խմբի օգնությամբ կհասնենք խաղաղ կարգավորման»,-ասել է Հայաստանի նախագահը։

Անդրադառնալով հնչած կարծիքներին և մասնավորապես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մատնանշած` կայունության հարցին, նախագահ Սարգսյանն ասել է, որ եթե չկա կայունություն, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ է լինելու վաղը։ Քննարկված թեմաներից մեկը վերաբերել է երկբևեռ, միաբևեռ ու բազմաբևեռ աշխարհին։ «Սա վկայում է այն մասին, որ մենք թևակոխում ենք մի ժամանակահատված, որտեղ ոչ թե մեկ կամ երկու ձայն, այլ բազմաթիվ ձայներ են վճռորոշ լինելու»,-ասել է Արմեն Սարգսյանը և անդրադարձել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերի նկատառմանը, թե ինչպիսի դեր ունեն փոքր պետությունները համագործակցության, փոխգործակցության և մրցակցության գործընթացներում. փոքր պետությունները, ընդհանրապես զրկվա՞ծ են ձայնի իրավունքից, թե՞ ամեն դեպքում կարող են ներդրում ունենալ անվտանգության ապահովման գործում:Այս հարցին պատասխանելու համար ցանկանում եմ նշել, որ այսօր աշխարհն արագ փոփոխվում է»,-ասել է Հայաստանի նախագահը:

«Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ տեխնոլոգիական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, սրընթաց դառնալու են մարտահրավերներից մեկը, և մենք պետք է հասկանանք, թե ինչ պահվածք ենք ցուցաբերելու այս ոլորտում: Կարծում եմ, որ այստեղ հիմնականը լինելու է կանխատեսելիությունը»:

Ըստ Հայաստանի նախագահի` նոր աշխարհում պետք է լսելի լինեն բոլորի ձայները. «21-րդ դարում, երբ մենք բախվում ենք բազմաթիվ վտանգների ու ռիսկերի, փոքր, անգամ սառեցված հակամարտությունները կարող են դառնալ մեծ խնդիրների աղբյուր: Դրանք կարող են վերածվել տարածաշրջանային հակամարտությունների ու անգամ դուրս գալ տարածաշրջանների սահմաններից: Մենք այսօր դրա ականատեսն ենք, օրինակ, Դոնբասում։

Մենք պետք է զգուշություն ցուցաբերենք փոքր, սառեցված հակամարտությունների մասին խոսելիս: Դրանք կարող են շատ վտանգավոր դառնալ: Սա վերաբերում է նաև այն հակամարտությանը, որին բախվել է իմ երկիրը. խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Ցավոք, այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կարելի է որակել որպես լարման բարձր մակարդակ:

Կարծում եմ, որ 20 տարի առաջ ավելի շատ կարող էինք հույս դնել կայունության վրա: Ուզում եմ կոչ անել բոլոր մասնակիցներին, խոշոր պետությունների ներկայացուցիչներին՝ դադարեցնել փոքր հակամարտությունների, այդ թվում և՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միլիտարիզացիան: Այն փոքր տարածք է, սակայն դրա հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանն ավելացնում են սպառազինությունը: Իհարկե, դա միջուկային սպառազինություն չէ, սակայն բարդացնում է իրադրությունը, քանի որ այսօր տեխնոլոգիաներն ավելի ու ավելի են զարգանում, և զենքերն այսօր ավելի վտանգավոր են դառնում:

Մեր կյանքում ամենակարևոր բանը ժամանակն է: Գնել կարելի է ամեն բան, սակայն, ցավոք, մենք չենք կարող կանգնեցնել ժամանակը»:

Քննարկման մասնակիցների հարցերին պատասխանելիս անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ժամանակի գործոնի դերին` նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․

«Մենք գիտենք, որ ժամանակը հարաբերական հասկացություն է: Եթե այն աշխատում է հօգուտ խաղաղության, ապա մենք կարող ենք սպասել, իսկ եթե աշխատում է պատերազմի օգտին, ապա այն շատ կարճ է։ Ես խորապես մտահոգված եմ՝ տեսնելով ադրբեջանական կողմի միլիտարիզացիան, և թե որքան գումար է ներդրվում այս գործում։ Այդ ամենը վկայում է, որ այստեղ կուտակվում է մեծ ռազմական ներուժ: Եթե ուշադրություն դարձնեք դրան, կտեսնեք, որ ժամանակը չի գործում հօգուտ խաղաղության: Կա՞ հավանականություն, որ կլինի շղթայական ռեակցիա՝ այո: Մենք պետք է սկսենք ոչ միայն խոսել, այլև գործել խաղաղության ժամանակ:

Հայաստանում շուտով կլինեն ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվեն լեգիտիմ կառավարություն ու խորհրդարան, կլինեն մարդիկ, ովքեր կկարողանան Ադրբեջանի հետ նստել բանակցային սեղանի շուրջ: Իրականում ամեն բան կախված է ժողովրդի կամքից»:


Կոչ անելով ականջալուր լինել Արցախի Հանրապետության ժողովրդին` Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին այն ջանքերի համար, որոնք կազմակերպությունը ներդնում է հանուն խնդրի կարգավորման: «Կա հակամարտության կարգավորման միայն մեկ՝ խաղաղ ճանապարհ, ռազմական ճանապարհներ չկան,-ասել է նախագահ Սարգսյանը: -Եթե վերսկսվեն ռազմական գործողությունները, կտուժեն բոլորը՝ և՛ Արցախում, և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում բնակվող ժողովուրդներն ու ամբողջ աշխարհը: Այսինքն` կա միայն մեկ՝ խաղաղ հանգուցալուծման ուղին, որը կարող է իրականացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով»:
 

← Վերադառնալ