Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը կմասնակցի Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը: Գագաթնաժողովին նախագահ Սարգսյանի մասնակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռեւս ամիսներ առաջ:
Շամոնի գագաթնաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ հայտնի է «փոքր Դավոս» անվամբ:
Այս տարի գագաթնաժողովի քննարկումների հիմնական թեմաները կլինեն համաշխարհային տնտեսական մակրո միտումները եւ դրանց ազդեցությունը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, ինչպես նաեւ այսօրվա եւ վաղվա աշխարհի արագությանն ու անկայունությանը հարմարվելու եւ դրանցից օգտվելու հնարավորությունները:
Գագաթնաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա մասնակից մի շարք համաշխարհային խոշորագույն ընկերությունների /Google, Nasdaq, Gallup, McKinsey, Nestlé, Groupe Accor, Publicis, եւ այլն/ ղեկավարների հետ՝ քննարկելու հայաստանյան բիզնես միջավայրը եւ ներդրումների ներգրավման հնարավորությունները։