20
09, 2018

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի խորհրդարանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով.

«Վեհափա՛ռ Տեր,

Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիվանագիտական կորպուսի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Նախ թույլ տվեք միանալ բոլոր այն շնորհավորանքներին, որոնք այսօր հնչում եւ հնչելու են հայոց խորհրդարանի 100-ամյակի առթիվ:

Մի քանի ամիս առաջ հանդիսավորությամբ նշեցինք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակը: Իսկ վաղը, վերստին հանդիսավոր մթնոլորտում, տոնելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձը, ինչը յուրովի է իմաստավորում այսօրվա արարողությունը:

Դարերի միջով կարողացել ենք հավատարիմ մնալ մեր ինքնությանն ու արժեքներին: Պետություն ունենալու երազանքը անթեղել ենք մեր մեջ եւ, ի վերջո, իրականություն դարձրել: Հայոց պետականությունը, որը հռչակված է պատմական Հայաստանի այս տարածքում, բացարձակ արժեք է: Բացարձակ արժեք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների, այլ նաեւ՝ աշխարհի բոլոր հայերի համար:

Մեզնից յուրաքանչյուրի մեջ հայի ինքնության գիտակցման հետ մեկտեղ, նաեւ պետականության մասնիկը կա: Պատմության տարբեր փուլերում պետականության գաղափարը մեր հոգու եւ մտքի մեջ եղել է առանց ընդհատվելու, անգամ եթե պետություն չենք ունեցել: Այդ գաղափարը մեր մեջ ուժեղ է եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք մաս էինք կազմում զանազան կայսրությունների:

Պետության բացակայության ժամանակ պետականությունը գոյություն է ունեցել ազատության մեր որոնումների, հավատքի, եկեղեցու, պայքարի եւ հաճախ ընդվզումների ձևով: Մենք երբեք չենք հրաժարվել այդ գաղափարից՝ իրավամբ համարելով, որ այն մեր արժեհամակարգի անբաժանելի մասն է:

Իհարկե, ժամանակը փորձության է ենթարկում թե՛ մեզ՝ որպես ժողովուրդ, թե՛ մեր պետությունը, եւ թե՛ մեր արժեհամակարգը: Արժեհամակարգի ճգնաժամը կարող է հանգեցնել նաեւ պետականության ճգնաժամի: 100 տարի առաջ, երբ հռչակվում էր Հայաստանի առաջին հանրապետությունը, պետականության հետ մեկտեղ թիրախավորված էին նաեւ մեր դավանած արժեքները, մեր ինքնությունը, եկեղեցին, լեզուն, մեր երազանքը:

Աշխարհում սեփական տեղի, դերի, ասելիքի եւ ազգային ինքնության խորին գիտակցումով պետք է առաջ մղենք մեր պետությունը: Հայաստանը աշխարհի բոլոր հայերինն է՝ Երեւանից Ստեփանակերտ, Փարիզից Վաշինգտոն, Մոսկվայից Բեյրութ, Կալկաթայից Բուենոս Այրես եւ այլուր:

Սիրելի՛ գործընկերներ,

100 տարի առաջ՝ 20-րդ դարի սկզբին, պատմական դեր էր վիճակված Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանին: Անկախ Հայաստանի պատմության մեջ այն միակ օրենսդիր մարմինն էր, որը ձևավորվեց ոչ թե ընտրությունների, այլ՝ քաղաքական պայմանավորվածության արդյունքում եւ դարձավ հայկական պառլամենտարիզմի արժանապատիվ առաջնեկը:

20-րդ դարի վերջին կարևոր առաքելություն էր վերապահված Հայաստանի Գերագույն խորհրդին, որը հաջորդեց Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդին: Ավելի քան մեկ տարի՝ մինչեւ առաջին նախագահական ընտրությունները, այն պետական կառավարում էր իրականացնում Հայաստանի երրորդ հանրապետությունում:

21-րդ դարում, Հայաստանի երրորդ հանրապետության օրոք, մենք վերստին ընտրել ենք խորհրդարանական կառավարման ուղին: Ներկայիս Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է: Ազգային ժողովին վիճակված է կարեւորագույն դերակատարություն եւ, իհարկե, առաքելություն, որը նաեւ նրա սահմանադրական պարտականությունն է:

Հարգելի՛ գործընկերներ,

Զարգացած պառլամենտարիզմը ներկայացուցչական ժողովրդավարության կարեւորագույն վկայություններից մեկն է: Պառլամենտարիզմը չի կարող զարգանալ առանց քաղաքացիական հասարակության զարգացման:

Գարնանային վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան ազդեցիկ կարող է լինել փոփոխությունների հասարակական պահանջը:

Այսօր, պետականության բովանդակությունն անհրաժեշտ է լրացնել նոր Հայաստանի եռանդով, նպատակասլացությամբ եւ ապագայի հանդեպ կայուն հավատով ու հաստատուն կամքով: Թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնան պատասխանատու այն ամենի համար, ինչ տեղի է ունենում մեր երկրում: Պատասխանատվության գիտակցումը, թե՛ իշխանության, եւ թե՛ քաղաքացիական հասարակության, եւ թե՛ մեր ողջ ժողովրդի իմաստնության վկայությունն է:

Կրկին շնորհավորում եմ հայոց խորհրդարանի 100-ամյա հոբելյանի առթիվ: Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, աշխարհի բոլոր հայերին, Հայաստանի բոլոր բարեկամներին շնորհավորում եմ վաղվա լուսավոր տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ, մաղթում խաղաղություն, առաջընթաց եւ լավատեսություն»:

Հանդիսության ավարտին Հանրապետության նախագահը դիտել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված ֆիլմը, ինչպես նաեւ այցելել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նորաբաց թանգարան։ 

← Վերադառնալ