Մամուլի հաղորդագրություններ
Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ Հանրապետության նախագահը գոհունակությամբ նշել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների փորձն ու կարողություններն օգտագործելու, միջազգային համագործակցությունը զարգացնելու համար: Ընդգծելով, որ ներկայիս Հայաստանն այլեւս խորհրդարանական հանրապետություն է, նախագահ Սարգսյանն ասել է, որ պառլամենտական ժողովրդավարությունը նոր է մեր երկրի համար եւ այդ առումով ուսանելու շատ բան ունենք այդ ուղին որդեգրած երկրներից:
Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, նշել, որ երկիրը հաղթահարում է անցումային շրջանի դժվարությունները, տեղի են ունենում դինամիկ փոփոխություններ եւ այստեղ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի օժանդակությունը շատ էական կարող է լինել:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ: