Մամուլի հաղորդագրություններ
Նախագահական նստավայրում հյուրընկալվել էին Սամցխե-Ջավախքի Նորշեն գյուղի դպրոցականները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վրաստանի Սամցխե-Ջավախքի հայաբնակ Ծղալթբիլա (Նորշեն) գյուղի (Ախալցխայի տարածաշրջան) բարձր դասարանների աշակերտներին:
Նախագահը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել, թե ինչ մասնագիտություններ են պատրաստվում ընտրել, ինչ երազանքներ ունեն, արդյոք պահպանվում են պատմական Էրզրումի Նորշեն գյուղի բարբառը, մշակույթն ու ավանդույթները, որոնց կրողն են Ջավախքի նորշենցիները: Այնուհետեւ նախագահ Սարգսյանը պատասխանել է դպրոցականների հարցերին, որոնց մասնավորապես վերաբերել են մասնագիտության ընտրությանը եւ հետաքրքրություններին:
Նախագահը խորհուրդ է տվել ընտրել այնպիսի մասնագիտություն, որը հոգեհարազատ կլինի նրանց. «Ձեր կյանքում ինչ էլ որ անեք՝ արեք հաճույքով: Գտեք այն մասնագիտությունը, որը ձերն է, որը հաճույքով ու սիրով կանեք: Եղեք լավագույնը ձեր աշխատանքի մեջ»:
Նա նաեւ հորդորել է պահպանել ու շարունակել իրենց պապերից ժառանգած ավանդույթներն ու մշակույթը. «Հիշեք, որ դուք հպարտ հայեր եք, եւ ունեք մեծ հայրենիք՝ Հայաստանի Հանրապետությունը եւ ձեր գյուղը, որը նույնպես ձեր հայրենիքն է: Երբեք չկտրեք կապը ձեր արմատների հետ»: