24
08, 2018

Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման և խորը վստահության վրա. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների պատվիրակությունները:

Ողջունելով կանցլեր Անգելա Մերկելին ու գերմանական պատվիրակությանը ՝ նախագահ Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այս պատմական այցը նոր հորիզոններ կբացի հայ-գերմանական հարաբերությունների զարգացման համար: Սա կանցլեր Մերկելի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, բայց նա մեր երկրում եղել է նաև ավելի վաղ:

«Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման և խորը վստահության վրա: Գերմանիան Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է, բայց մեր համագործակցությունը հնարավորություն ունի շատ ավելի ընդլայնվելու տարբեր ոլոտներում: ԵՎ, իհարկե, չեմ կարող գոհունակությունս չհայտնել Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու նաև այն քաղաքական աջակցության համար, որ զգում ենք Եվրամիության հետ մեր համագործակցության ընթացքում, քանի որ Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն մեզ համար»,-նշել է նախագահ Սարգսյանը:

Կանցլեր Անգելա Մերկելն իր գոհունակությունն ու շնորհակալությունն է հայտնել Հայաստանում հյուրընկալվելու համար. «Սիրելի՛ պարոն Սարգսյան: Ուրախ եմ հյուրընկալվելու ձեր երկրում և ուրախ եմ մեր հանդիպման համար: Անցյալ տարի մեր երկրները նշում էին դիվանագիտական հարաբերությունների հաստաման 25-ամյակը, և մենք այսօր արդեն կարող ենք ամփոփել, որ մեր հարաբերությունները դրական են: Համամիտ եմ Ձեզ հետ այն առումով, որ մեր հարաբերություններն ունեն չիրացված ներուժ, և այն պետք է օգտագործել ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ գիտահետազոտական և տեխնոլոգիաների ոլորտներում: Մենք ցանկանում ենք մեր մասնակցությունն ունենալ Հայաստանի կողմից հայտարարված բարեփոխումներին, ուշադրությամբ հետևում էինք գարնանը ձեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին և գործընթացներին: Պատրաստ ենք շարունակել համագործակցել այս թերևս դժվարին, բայց կարևոր ճանապարհին»:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները տարբեր՝ մշակութային, կրթական և գիտական ուղղություններով խորացնելու հնարավորություններին:


 

← Վերադառնալ