30
07, 2018

Ի պատիվ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի ՝ նախագահ Արմեն Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ

Ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի եւ տիկին Լաուրա Մատարելլայի՝ այսօր երեկոյան Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի եւ տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ:

Նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելլան հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-իտալական երկկողմ օրակարգի հարցերին:

 

***
Նախագահ Արմեն Սարգսյանի բաժակաճառը
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պատվին տրվող պաշտոնական ընթրիքին


 

Մեծարգո պարո՛ն Նախագահ,

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատտարելլայի գլխավորած պատվիրակությանը:

Իտալացի իմ գործընկերոջ հետ արդեն առիթ ունեցա քննարկել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ընթացքը եւ նրա հեռանկարները: Մենք լրջորեն շահագրգռված ենք շարունակել համագործակցությունը՝ նաեւ նոր ուղղություններով եւ ծրագրերով համալրել մեր քաղաքական երկխոսության օրակարգը:

Անցած տարի նշեցինք մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Կարծում եմ` մեր երկրների միջեւ հաստատված փոխվստահությունը հզոր ազդակ է ընդլայնելու մեր կապերը տնտեսության, առեւտրի, մշակույթի, գիոտության եւ կրթության ոլորտներում եւ այլ բնագավառներում:

Մեզ բաժանում է միայն տարածությունը, մինչդեռ միացնող ու ընդհանուր շատ բաներ ունենք:

Անձամբ ես շատ եմ կապված Իտալիային: Ժամանակին ես դասավանդել եմ Բոլոնիայի համալսարանում, ապրել եւ զեկուցումներ կարդացել Սիցիլիայի Էրիչե գիտական կենտրոնում: Հռումում հաճախ այցելել եմ Պիացցա Բարբերինիի եւ Վիա Վենետոյի միջեւ գտնվող հին հայկական թաղամասը իր Լեւոնյան վարժարանով, ինչպես նաեւ Վիլլա Աբամելիք, Սուրբ Վլաս եկեղեցի:

Իսկապես, Իտալիայում շրջելիս ցանկացած հայ զգում է ինչ-որ հարազատություն, ամեն տեղ հանդիպում ես մեր ժողովուրդների բարեկամության հինավուրց վկայությունների: Հայաստանը պատմության տարբեր շրջաններում դաշնակից էր կամ էլ մաս էր կազմում Հռոմեական հզոր կայսրության, Միջնադարում Կիլիկյան Հայաստանը սերտ քաղաքական եւ առևտրական կապերի մեջ էր Իտալիայի հետ, հայերը եւ ջենովացիները 14-15-րդ դարերում համատեղ իշխում էին Ղրիմի Թեոդոսիայում:

Ի դեպ, պարո՛ն նախագահ, Կիլիկյան Հայաստանի թագավորական տան տիտղոսը մինչեւ հիմա պատկանում է Սավոյա ընտանիքին:

Հայ քրիստոնյաի հավատացյալների համար մեծ արժեք ունի այն փաստը, որ Հայոց եկեղեցու առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչը եկել է Հռոմից, եկել է Կոստանդնուպոլիսից, բայց նրա մասունքները պահվում են նաև Իտալիայում` Նեապոլի եւ Նարդոյի Սան Գրեգորիո Արմենո անունը կրող եկեղեցիներում:
Նոր ժամանակներում հայկական մշակույթի զարթոնքի կարևորագույն կենտրոններից մեկը եղել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որտեղ շուրջ երեք հարյուրամյակ գործող Մխիթարյան միաբանությունը՝ որպես հայագիտական խոշոր կենտրոն, իր անգնահատելի ավանդն է ներդրել հայկական ու համաշխարհային գիտակրթական եւ մշակութային գանձարանի հարստացման գործում: Հայկական Վենետիկը իր Հայկական թաղամասով, պալատներով, Մուրադ-Ռաֆաելյան ճեմարանով, եկեղեցիներով այսօր էլ մեր եւ իտալացիների համատեղ հպարտության առարկան է: Այսօր մենք հպարտանում ենք եւ հպարտությամբ հիշում մեր անցյալը, բայց՝ և մեծ ակնկալիքով նայում ապագային:

Հարգելի՛ հյուրեր,

Այսօրվա ժողովրդավար, նոր Հայաստանը վարում է հավասարակշռված եւ վստահելի միջազգային քաղաքականություն: Այս ճանապարհին մենք ապավինում ենք մեր գործընկերների աջակցությանը: Իտալիան մեր լավագույն բարեկամներից է, եւ մենք կանենք հնարավորը՝ մեր հարաբերություններն է՛լ ավելի սերտացնելու, է՛լ ավելի ջերմացնելու եւ է՛լ ավելի փոխշահավետ դարձնելու համար: Հայաստանը եւ Իտալիան մեծ հնարավորություններ ունեն առավել զարգացնելու կապերը տնտեսության, բիզնեսի, , կրթության, մշակույթի ու այլ ոլորտներում:

2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանը եւ Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դրանով Հայաստանը, որը միշտ եղել է Եվրոպայի անբաժանելի մասը, է՛լ ավելի խորացրեց իր գործընկերային հարաբերությունները եվրոպական ընտանիքի հետ, եւ, մասնավորապես, Իտալիայի հետ:

Հայ-իտալական համագործակցության զարգացմանը նպաստում է նաև Իտալիայի հայ համայնքը: Այդ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները 1915թ. Հայոց ցեղասպանությունը վերապրածներն եւ նրանց զավակները:

Իտալացի ազգային հերոս Ջուզեպպե Գարիբալդին այսպես է ասել. «Ես պնդում եմ, որ մարդիկ իրավունք ունեն տնօրինելու իրենց սեփական ճակատագիրը եւ, իհարկե, միշտ պետք է թույլ տան նաեւ ուրիշները տնօրինեն իրենցը»։ Մենք՝ հայերս, լիովին կիսում ենք այդ տեսակետը, դա է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի ժողովրդի արդարացի պայքարի ողջ իմաստը՝ տնօրինել սեփական ճակատագիրը:

Հարգելի՛ բարեկամներ,

Առաջարկում եմ բաժակ բարձրացնել մեր ժողովուրդների բարօրության ու խաղաղ ապագայի, հայ-իտալական անկեղծ բարեկամության եւ անձամբ Իտալիայի նախագահ պարոն Մատտարելլայի համար:
 

← Վերադառնալ