Մամուլի հաղորդագրություններ
Նախագահն ընդունել է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաներին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաներին: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող դպրոցի ավագ դասարանների աշակերտներն իրենց երկշաբաթյա հանգիստն են անցկացնում Հայաստանում և արդեն այցելել են տարբեր վայրեր: Նրանք նախագահին իրենց տպավորություններն են փոխանցել այցելությունից, ներկայացրել ապագայի Հայաստանի վերաբերյալ իրենց պատկերացումները: Նախագահը պատասխանել է նրանց տարբեր հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի զարգացման հեռանկարներին, ներքին ու արտաքին քաղաքականությանը:
Խոսելով Հայաստանի զարգացման հնարավորությունների մասին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ մեր երկրի տնտեսությունը կախված չլինելով մեկ աղբյուրից՝ նավթից կամ գազից, միաժամանակ զարգացման մեծ ներուժ ունի: Նա մասնավորապես հեռանկարային է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, դեղագործության բնագավառները, բանակային համակարգն ու ծառայությունների ոլորտը: Զարգացման լուրջ հնարավորություններ ունի նաև կրթական համակարգը: Նրա խոսքով՝ այս ուղղությունները համասեռ զարգանալով՝ կարող են տնտեսության կայուն աճ ապահովել: «Իսկ մեր մեծ հարստությունը մի բան է, որը երբեք չի վերջանա, որովհետեւ հազարավոր տարիներ չի վերջացել. դա ձեր հայ լինելն է, ձեր գենետիկան է: Դուք բոլորդ խելացի եք: Ուղղակի պետք է լինեք աշխատասեր, ազնիվ, նվիրված և հպարտ նրանով, ինչ որ եք»,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը:
Հանդիպման ավարտին նախագահը Մանուկյան-Դեմիրճյան դպրոցին է նվիրել Սամվել Գասպարյանի «Հայաստանի հրաշալիքներ» գիրքը: