28
05, 2018

Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունն ու երկկողմ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, եւ նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է փոխգործակցության հետագա խորացմամբ:

Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է Միացյալ Նահանգների ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը շնորհավորել է Հանրապետության Նախագահին պաշտոնը ստանձնելու և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ:

Բարձր գնահատելով հայ-ամերիկյան գործընկերային հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքը՝ Բրիջիտ Բրինքն ասել է. «Ուզում ենք գովեստով փաստել վերջին շրջանի բողոքների խաղաղ հանգուցալուծման նպատակով Ձեր ձեռնարկած միջնորդման և խրախուսման կարևոր քայլերը: Միացյալ Նահանգները կշարունակի գործակցել Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, ամերիկյան ներդրողների համար գրավիչ գործարար միջավայրի ձևավորման, մարդու իրավունքների խթանման և զբոսաշրջության զարգացման հարցերում»:

 

← Վերադառնալ