26
05, 2018

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը։

Իր խոսքում Հայաստանի Նախագահը ջերմորեն շնորհավորել է Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի առթիվ եւ նշել, որ իր համար պատիվ է այս հրաշալի օրը լինել այստեղ, վրացիները եւ հայերը կիսում են այս տոնը․ «իմ երկիրը նույնպես երկու օր հետո՝ մայիսի 28-ին, կնշի Առաջին Հանրապետության 100-ամյակը»:

Նախագահ Սարգսյանի խոսքով, մեր երկու ազգերը, վրացիները եւ հայերը, ոչ թե հարյուրամյա, այլ հազարամյակների պատմություն ունեն, երկու ժողովուրդները բազմաթիվ ընդհանրություններ ունեն։ «Մենք կիսում ենք շատ բան։ Վրացիներն ու հայերը ապրում են քույրերի ու եղբայրների պես, սա փաստ է, հրաշալի փաստ, որ երկու ազգերը հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք-կողքի, միասին պայքարել իրենց անկախության եւ արժանապատվության համար, եւ երբեւէ չեն ունեցել որեւէ խոշոր հակամարտություն կամ թյուրըմբռնում։ Սա մեզ համար շատ մեծ արժեք է եւ օրինակ՝ այն նոր սերունդների համար, որոնք ապրում են Հայաստանում եւ Վրաստանում»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը։

Հայաստանի Նախագահը շնորհակալություն է հայտնել այդ վեհաշուք հանդիսությանը մասնակցելու հրավերի, ինչպես նաև հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հրաշալի քաղաքին՝Թբիլիսիին։ Բազում տարիների ընթացքում Թբիլիսին, «Թիֆլիսը» եղել է Հարավային Կովկասի մշակութային կենտրոնը։ Սա քաղաք է, որտեղ հայերը, վրացիները եւ բազմաթիվ այլ ազգեր մասին ապրել են ներդաշնակորեն, կիսել առօրյան, կենցաղը, մշակույթը, սնունդը եւ, իհարկե, վրացիները եւ հայերը կիսում են նաեւ նույն կրոնը, երկուսն էլ կանգնած են եղել քրիստոնեության ակունքներում։ Արմեն Սարգսյանն ասել է, որ Թբիլիսին իր համար հատուկ է նաեւ, քանի որ այնտեղից է սերում իր ընտանիքի մի մասը՝ իր կնոջ մեծ ծնողները։ Թբիլիսին ունի ընդհանրություններ բազմաթիվ մշակույթների հետ, սա մի քաղաք է, որտեղ բացի վրացերենից, խոսում են բազմաթիվ տարբեր լեզուներով՝ այդ թվում նաեւ հայերեն։

Շարունակելով խոսքը հայերեն, Նախագահ Սարգսյանը նշել է․ «Մեր երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ մեզ համար նաև այսօր:

Այսօրվա իրողությունները մեզ պարտավորեցնում են ոչ միայն պահպանել, այլև զարգացնել և բազմապատկել մեր ունեցած արժեքներն ու ձեռքբերումները, ստեղծել այն նորը, որն արժանի կլինի հիշատակության և ինչու չէ, ընդօրինակման: Հակամարտությունները խաղաղությամբ կարգավորելու, հարավկովկասյան տարածաշրջանը զարգացած ու համերաշխ դարձնելու մեր բոլոր ջանքերը բխում են հենց մեր դավանած արժեքներից»:

Ավարտելով խոսքը, Հայաստանի Նախագահը պատմական հոբելյանի առթիվ ևս մեկ անգամ շնորհավորել է բարեկամ վրացի ժողովրդին և մաղթել խաղաղություն, բարգավաճում ու ամենայն բարիք:

← Վերադառնալ