24
05, 2018

Նախագահ Սարգսյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էրվե Լադսուին:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ երկրի իշխանությունները մեծապես կարևորում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը, և հավաստիացրել է, որ Հայաստանը պատվով կկատարի իր հանձնառությունը: Նա ասել է, որ այսօր արդեն քաղաքական ողջ գործընթացները տեղափոխվել են Ազգային ժողով, ձևավորվել է նոր կառավարություն, և ամեն ինչ ընթանում է բնականոն հունով: «Հայաստանը նույն հաստատակամությամբ շարունակում է նախապատրաստական աշխատանքները»,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժան-Լուի Աթանգանա Ամուգուն Նախագահ Արմեն Սարգսյանին է փոխանցել ՖՄԿ գլխավոր քարտուղարի շնորհավորանքները և բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ։

Անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրենը նշել է, որ ժողովրդական գործընթացները լավագույնս հանգուցալուծվեցին և կարևորել է Նախագահի դերն այդ գործում: Նա ասել է, որ առանց բռնությունների և արյունահեղության հայաստանյան փոփոխություններն ուսանելի կարող են լինել շատ երկրների, և հատկապես,  Ֆրանկոֆոնիայի տարածքի երկրների համար: 

← Վերադառնալ