15
05, 2018

Նախագահ Սարգսյանը հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանի, նաիրիտցիների համակարգող խմբի անդամների և աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մայիսի 7-ին, երբ երկրի Նախագահը հանդիպել էր իր նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ:

Նախագահի հետ տեղի ունեցած հանդիպմանը նաիրիտցիների փաստաբանը ներկայացրել է գործարանի նախկին աշխատակիցների դժգոհությունը դատական համակարգի աշխատանքից՝ կողմնակալ համարելով «Նաիրիտի» գործին առնչվող դատավորների վերաբերմունքը: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ նաիրիտցիների իրավունքները ոտնահարվում են, դատավորները միտումնավոր ձգձգում են նրանց հայցերի քննությունը:

Նաիրիտցիների ներկայացուցիչները բարձրացրել են նաև գործարանի վերագործարկման հարցը, դրա վերաբերյալ ներկայացրել իրենց տեսակետները: Նրանք նշել են, որ գործարանի խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն ստացել, իսկ նախկին կառավարությունների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, նրանց գնահատմամբ, արդյունավետ չեն եղել:

Արձագանքելով հանդիպման մասնակիցների բարձրացրած հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ երկրում ձևավորված նոր միջավայրում դատաիրավական համակարգը ևս քայլ առ քայլ պետք է անցնի փոփոխությունների միջով, իսկ ոչ անաչառ դատավորները չպետք է տեղ ունենան համակարգում: Նա տեղեկացրել է, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում այդ հարցերը քննարկել է նաև համակարգի ղեկավարության հետ:
Հանրապետության նախագահը կարևորել է այս խնդիրների քննարկումը կառավարության հետ: Արմեն Սարգսյանը առաջնային խնդիր է դիտարկել գործարանի առկա վիճակի և վերագործարկման հնարավորությունների մասնագիտական վերագնահատումը, ինչպես նաև այդ ուղղությամբ ներդրողների հնարավոր հետաքրքրությունը:  

← Վերադառնալ