Մամուլի հաղորդագրություններ
Նախագահին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը զեկուցել է հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նախարարության 2018թ. ծրագրերը
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Նախագահից ստացած հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դրանց արդյունքները և նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը:
Նախարար Կարայանը զեկուցել է, որ 2017 թվականին ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25.2 տոկոս աճ: Արտաքին շուկաներ մուտքը հայրենական արտադրողների և գործարարների համար դյուրացնելու նպատակով, Հանրապետության Նախագահի հանձնարարականի համաձայն, աշխատանքներ են իրականացվել թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվական հասանելիության ապահովման, ինչպես նաև վաճառքի առցանց համակարգերի գործարկման միջոցով:
Սուրեն Կարայանը նշել է, որ ավարտվել են Իրանի և Չինաստանի միջև համաձայնագրերի շուրջ բանակցային փուլերը: Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Սինգապուրի հետ համաձայնագրերը բանակցային տարբեր փուլերում են: Կարևորվել է նաև Եվրոպական միության GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգ» (REX) ինքնահավաստագրման էլեկտրոնային համակարգի ներդրումը: Նախարարի հավաստմամբ՝ այս տարվա հունվարին արդեն սկսվել է արտահանողների գրանցումը:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խոսքով՝ 2017 թվականի զբոսաշրջության բնագավառում արձանագրված խոստումնալից միտումները, մասնավորապես, 2017 թվականին արձանագրված 18.7% աճը, թույլ են տալիս մեծ հավակնություններ ձևավորել առաջիկայի համար։ Սուրեն Կարայանը նշել է, որ ոլորտի արդյունքներին էապես նպաստել են իրականացված մարքեթինգային միջոցառումները: Այդ նպատակով, դյուրացվել է սահմանային անցման գործընթացը Չինաստանի, ԱՄԷ, Քաթարի, Ճապոնիայի, Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների համար:
Նախարար Կարայանը, անդրադառնալով երկրի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներին, նշել է, որ 2017 թվականին այդ նպատակով իրականացվել է 47 միջոցառում, իսկ 2018 թվականի համար նախատեսված ծրագիրը ներառում է թվով 43 միջոցառում: Նախարարն ընդգծել է, որ առաջիկա տարվա գործողությունների շարքում առանձնակի կարևորվում են շինարարական թույլտվությունների ընթացակարգերի, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության մեխանիզմների, հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման և սնանկության ու պայմանագրերի կիրարկման ոլորտներում զգալի բարելավման աշխատանքները:
Օտարերկրյա ներդրողների պաշտպանվածության բարձրացման համար անհրաժեշտ իրավական ակտերի ուսումնասիրություն իրականացնելու և համապատասխան նախագիծ մշակելու վերաբերյալ Նախագահի մեկ այլ հանձնարարականի կապակցությամբ նախարար Կարայանը զեկուցել է, որ նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը և ուղարկվել Ազգային ժողով։
Ի կատարումն Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին նախարարության կողմից շարունակական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հանձնարարականի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է, որ անցյալ տարեվերջին՝ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին, ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու առաջին փուլի մեկնարկից հետո աշխատանքներ են տարվում երկրորդ՝ ընդլայնման փուլի իրականացման ուղղությամբ, որոնք ավարտին կհասցվեն ընթացիկ տարում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իրականացվում են աջակցության ամենօրյա աշխատանքներ:
Պետական-մասնավոր համագործակցության մասին օրենքի նախագծի մշակման ժամանակ արդեն առկա համագործակցության հաջողված օրինակները հաշվի առնելու վերաբերյալ Հանրապետության Նախագահի հանձնարարականի կապակցությամբ նախարարը զեկուցել է, որ հիշյալ օրենքի նախագիծը մշակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փորձագիտական աջակցությամբ, և մարտ ամսին օրինագիծն արդեն ամբողջությամբ պատրաստ կլինի քննարկման ներկայացնելու։ Սուրեն Կարայանի հավաստմամբ, փաստաթուղթը ներառում է ինչպես համաշխարհային լավագույն փորձը, այնպես էլ Հայաստանում պետական-մասնավոր համագործակցության ձևաչափով մինչև այժմ իրականացված ծրագրերում եղած արդյունավետ կարգավորումների փորձը:
Ներկայացնելով արդյունաբերության ոլորտում 2017 թվականին իրականացված և ընթացիկ տարում շարունակվող աշխատանքները՝ նախարար Կարայանը նշել է, որ շարունակվել են իրագործվել տնտեսության թիրախային ոլորտների խրախուսմանն ուղղված միջոցառումներ` աջակցության գործիքակազմի կիրառմամբ: Նախարարի զեկուցմամբ, ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետների հետաձգման գործիքի ներքո, մասնավորապես, հավանության են արժանացել 27 ներդրումային ծրագրեր 220 մլրդ ՀՀ դրամ ներդրումներով։ Ապահովվել է հայկական 93 արդյունաբերական ընկերության մասնակցություն արտերկրում կայացած 10 միջազգային ցուցահանդեսի։
Նախարարն ընդգծել է, որ նախորդ տարվա արդյունքներով արդյունաբերությունն արձանագրել է 12.6 % աճ, որին առավելապես նպաստել է մշակող արդյունաբերության 15.7% աճը: Վերջինիս տեմպը կրկնակի արագ է նախորդ` 2016 թվականի արդյունքից: Ընդ որում, 2017 թվականին ավելացել է նաև արդյունաբերական արտադրանքի արտահանումն իրացման նկատմամբ:
Ըստ նախարար Կարայանի` ընթացիկ տարում հիմնական նպատակադրումը ձեռք բերված արդյունքների ամրապնդումն է և առանձին ոլորտներում վեր հանված խնդիրների հասցեական լուծումը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրացնել առկա ներուժը: Այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շարքում առանձնացվել են պղնձաձուլարանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներին մասնակցությունը, տեքստիլ արտադրանքի արտահանման շուկաներ մուտքի ապահովման նպատակով ՄԱԱԶԿ-ի հետ ուսուցման և ծառայությունների կենտրոնի ստեղծումը, դեղագործական ոլորտում պատշաճ արտադրական գործունեության (GMP) չափանիշների ներդրմանն աջակցությունը և մի շարք այլ աշխատանքներ: