16
02, 2018

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Չիլիի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չիլիի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռոդրիգո Նյետոն:

Հանրապետության Նախագահը, շնորհավորելով դեսպան Նյետոյին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հաջողություն դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նշելով, որ այս տարի լրանում է երկու երկրների միջպետական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել այս ընթացքում արձանագրված արդյունքների և համագործակցության խորացման ուղղությամբ ձեռքբերումների մասին: Հանրապետության Նախագահի համոզմամբ՝ Հայաստանն ու Չիլին պետք է նոր եռանդով ամրապնդեն հարաբերությունները՝ օգտագործելով փոխգործակցության առկա ներուժի բոլոր հնարավորությունները:

Սերժ Սարգսյանը երկու երկրների հարաբերությունների խորացման գործում բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը, որը, նրա գնահատմամբ, թեև փոքրաթիվ է, սակայն իր մասնակցությունն ունի Չիլիի գրեթե բոլոր ոլորտների զարգացմանը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չիլիի իշխանություններին և ժողովրդին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար:

Հանրապետության Նախագահը կարևորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ այդ կապերին առանձնակի բնույթ են հաղորդել 2007թ. Չիլիի Սենատի, իսկ այնուհետև` 2015թ. Պատգամավորների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևերը:

Հանդիպման ընթացքում Նախագահը ջերմությամբ է հիշել 2014թ. Չիլի կատարած իր պաշտոնական այցը և նախագահ Միշել Բաչելետի հետ ունեցած արդյունավետ հանդիպումը:

Զրուցակիցները միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում երկուստեք կարևորել են նաև դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը միմյանց երկրներում:

Դեսպան Նյետոն վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը առավել ամրապնդելու արդեն ձևավորված հայ-չիլիական բարձր մակարդակի երկկողմ հարաբերությունները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-չիլիական համագործակցության ընդլայնման հնարավորություններին, որին կողմերի համոզմամբ, կարող է նպաստել նաև Հայաստանի ԵԱՏՄ անդամ լինելու հանգամանքը:

Այդ համատեքստում դեսպան Ռոդրիգո Նյետոն տեղեկացրել է, որ այժմ Չիլին ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիր կնքելու բանակցություններ է վարում և պատրաստակամ է նման բանակցություններ վարելու նաև կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ:
 

← Վերադառնալ