14
02, 2018

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Մալիի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալիի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիեֆինգ Կոնատեն (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նշելով, որ Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները Աֆրիկյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Մալիի հետ, Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկրում պատրաստակամ են ուսումնասիրելու տարբեր ոլորտներում Մալիի հետ համագործակցության հնարավորությունները:

Սերժ Սարգսյանը նշել է, որ չնայած երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 24 տարի առաջ, սակայն այս ընթացքում փոխգործակցություն է ձևավորվել հիմնականում միջազգային հարթակներում: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում աշխարհագրական հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ երկրների միջև հարաբերությունները խորացնելու համար, և հույս է հայտնել, որ դեսպան Կոնատեի նշանակմամբ հայ-մալիական երկկողմ հարաբերությունները կզարգանան:

Մալիի դեսպանը և Նախագահ Սարգսյանը համակարծիք են եղել, որ Մալին և Հայաստանը, դառնալով անկախ պետություններ, ժառանգել են նաև մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար ջանքեր են պահանջվում և վստահություն են հայտնել, որ երկու երկրներն էլ կհաղթահարեն այդ մարտահրավերները և կկառուցեն լավ ապագա:

Մալիի դեսպան Տիեֆինգ Կոնատեն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ընդունելության համար՝ վստահեցնելով, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի երկկողմ միջպետական կապերի զարգացմանը: Դեսպանը տեղեկացրել է, որ իր երկրի նախագահին է փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին և շնորհակալություն է հայտնել հրավերի համար: Զրուցակիցները Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը ևս մեկ հարթակ են համարել համագործակցությունը Հայաստանի և Մալիի միջև լավագույնս զարգացնելու համար:
 

← Վերադառնալ