Մամուլի հաղորդագրություններ
Նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ Հանրապետության Նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:
Հանրապետության Նախագահը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և մի շարք բարերարների ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել իր նախորդ այցից հետո չափազանց կարճ ժամկետում՝ ընդամենը մի քանի ամսում, կատարված մեծ ծավալի աշխատանքներին, հատուկ զինհաշմանդամների համար հիմնված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանն ու զարգացման հետագա ծրագրերին: Նախագահը զրուցել է նաև կենտրոնում արդեն իսկ իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի պաշտպանների հետ:
Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հավաստմամբ՝ կենտրոնը գործելու է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվելու են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր, այն հագեցած է գերժամանակակից վերականգնողական սարքերով և տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով:
Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ կենտրոնի գաղափարին, ինչպես նաև նախատեսված կարճ ժամկետում անհավանական թվացող նախագծի իրագործմանն ի սկզբանե հավատ ընծայելու և պատվաբեր ու պատասխանատու այս նախաձեռնության իրագործման շնորհիվ պետությանն ու ժողովրդին ծառայելու հնարավորության համար: Ռեկտորն այս նախագծի իրագործման հարցում բեկումնային է համարել անցած տարվա հուլիսի 12-ին Նախագահ Սերժ Սարգսյանի այցը կենտրոնի շինհրապարակ, որը, ըստ նրա, նոր խթան հանդիսացավ հետագա աշխատանքի համար:
Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել անչափ կարևոր այս գաղափարն իրականություն դարձրած բոլոր անձանց և առաջին հերթին՝ այստեղ իրենց վերականգնողական բուժումն անցնող հայրենիքի պաշտպաններին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար: Նախագահը հորդորել է զինհաշմանդամներին նույնպիսի կամք ցուցաբերել բուժման ընթացքում և կենտրոնի մասնագիտական թիմի հետ միասին ամեն ինչ անել շուտափույթ բուժվելու համար: