Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը հանդիպում է ունեցել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում հանդիպում է ունեցել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի (Ժողովրդավարություն՝ օրենքի միջոցով հանձնաժողով) նախագահի Ջաննի Բուքիքիոյի հետ:
Շնորհավորելով Ջաննի Բուքիքիոյին հանձնաժողովի նախագահի պաշտոնում արդեն չորրորդ անգամ վերընտրվելու կապակցությամբ` Հանրապետության Նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ և ընդգծել, որ շուրջ երեսուն տարվա պատմություն ունեցող այս կառույցի բարձր հեղինակությունը նաև Վենետիկի հանձնաժողովի ստեղծման ակունքներում կանգնած Ջաննի Բուքիքիոյի արդյունավետ ու նվիրված աշխատանքի արդյունքն է։
Սերժ Սարգսյանի գնահատմամբ, Հայաստան-Եվրոպայի խորհուրդ արդյունավետ համագործակցության խորացման գործում իր նշանակալի նպաստն է բերել Վենետիկի հանձնաժողովի հետ Հայաստանի սերտ և գործնական երկխոսությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո` այդ փոփոխություններով նախատեսված դրույթների կյանքի կոչման, իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ Հայաստանում մեկնարկած ծավալուն աշխատանքի ընթացքին: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել մինչ այժմ մեր երկրին հանձնաժողովի կողմից ինչպես նոր Ընտրական օրենսգրքի, այնպես էլ այլ կարևոր օրենսդրական փաթեթների մշակման հարցում ցուցաբերված մասնագիտական, խորհրդատվական մեծ աջակցության համար:
Ջաննի Բուքիքիոն վստահեցրել է, որ Վենետիկի հանձնաժողովն այսուհետ ևս պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ, և հանձնաժողովում ուրախ կլինեն ՀՀ օրենսդրական բարեփոխումների հետագա գործընթացում ևս օգտակար լինելու փորձագիտական աջակցության տրամադրմամբ: