Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն
Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ: Հանրապետության Նախագահն այցի շրջանակներում հունվարի 22-ին և 23-ին հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ:
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդիպման արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:
Նախագահ Սարգսյանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպում կունենա քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի Նախագահը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ: