Մամուլի հաղորդագրություններ
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ
Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան, մինչ արարողակարգով նախատեսված երկկողմ հանդիպումները, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Թբիլիսիում այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, որից հետո մեկնել է «Հերոսների» հրապարակ` ծաղկեպսակ դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:
Հանրապետության Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհավորել է Իլյա Երկրորդին վրաց ժողովրդի համար կարևոր հոբելյանի՝ Կաթողիկոս-Պատրիարքի գահակալման 40-ամյակի առթիվ, ընդգծելով, որ այդ չորս տասնամյակների ընթացքում նրա կողմից շատ մեծ աշխատանք է իրականացվել Վրաց Ուղղափառ եկեղեցու ամրապնդման ուղղությամբ:
Նախագահը շնորհակալություն է հայտնել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքին` հայ և վրացի ժողովուրդների բարեկամության պահպանման և խորացման համար նրա աղոթքների համար:
Նախագահ Սարգսյանը և Իլյա Երկրորդը երկուստեք կարևորել են պետության և եկեղեցու միջև հարաբերությունները: Հանրապետության Նախագահը հայ ժողովրդի կյանքում բարձր է գնահատել Հայոց եկեղեցու դերը` հատկապես պետականության բացակայության ժամանակաշրջանում, երբ եկեղեցին դժվարին իրավիճակներում փոխարինել է պետությանը՝ ամուր պահելով հավատքն ու պահպանելով ազգի ինքնությունը:
Ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը միմյանց հետ կապված են դարավոր բարեկամությամբ, Հանրապետության Նախագահը նշել է, որ այդ բարեկամության ավանդույթները կառուցված են քրիստոնեական և մշակութային ընդհանուր արժեքների և պատմության ամուր հիմքի վրա:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը երկուստեք կարևորել են Հայ Առաքելական և Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում:
Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը Կաթողիկոս-Պատրիարքին ներկայացրել է իր պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Մարգվելաշվիլիի հետ երեկ ունեցած հանդիպման արդյունքները` գոհունակությամբ նշելով կայացած արդյունավետ քննարկումները և ձեռքբերված պայմանավորվածությունները:
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Նախագահ Սարգսյանին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: