21
12, 2017

Նախագահի նստավայրում տոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ:
Շնորհավորական խոսքում Նախագահն անդրադարձել է անցնող 2017 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2018 թվականից ակնկալիքներին:

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հարգելի՛ գործարարներ,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ նախագահական նստավայրում և ուրախ եմ, որ այսպիսի հանդիպումները դարձել են բարի ավանդույթ՝ Ամանորի նախաշեմին մենք հավաքվում ենք, միմյանց շնորհավորում և մաղթում հաջողություն: Առաջին հերթին ցանկանում եմ, որ 2018 թվականին ձեր ընտանիքներում տիրեն սերը, փոխհասկացվածությունը, հարգանքը, ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը 2018 թվականին ավելի շատ երջանկության և բավարարվածության զգացողություն ունենա: Դա շատ կարևոր է մեր երկրի, մեր հասարակության համար, որովհետև գաղտնիք չէ, որ ձեր հաջողությունները նշանակում են տնտեսական աճ, նշանակում են նոր աշխատատեղեր, նշանակում է բարեկեցություն: Մաղթում եմ, որ 2018 թվականին շարունակեք այն ձեռքբերումները, որ ունեցել ենք 2017 թվականին, ոչ միայն շարունակեք ձեր գործը, ոչ միայն ընդլայնեք, այլ նաև դառնաք նոր գաղափարների, նոր նախաձեռնությունների հեղինակներ: Դրա համար, կարծում եմ, երկու անհրաժեշտ պայման կա. առաջինը՝ ձեր կողմից ցանկություն, աշխատասիրություն, մտածելու երկար ժամանակ և երկրորդ՝ փոխվստահություն և համագործակցություն կառավարության հետ:

Կարծում եմ, որ 2017 թվականը կարելի է բնութագրել որպես կառավարության տնտեսական ոլորտի մարմինների և գործարարների համագործակցության տարի: Այս առումով, բոլորդ էլ պետք է որ ինչ-որ չափով գոհ լինեք, որովհետև երբ հունվարի 1-ից նոր ՀՀ Հարկային և ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքերը մտնեն ուժի մեջ, ապա բոլորդ տեսնելու եք և, հավանաբար արդեն համոզվել եք, որ ձեր գրեթե բոլոր առաջարկությունները, որոնք հնչել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ, այնտեղ հաշվի են առնվել: Ես վստահ եմ, որ մենք 2018 թվականին ունենալու ենք շատ ավելի լավ արդյունքներ, քան 2017-ին, որովհետև 2017-ին արդեն բավականաչափ նախադրյալներ են ստեղծվել, որպեսզի տարին փակենք բավարար տնտեսական աճով: Կանխատեսումներ չանեմ, բայց կարծում եմ տնտեսական աճ 6 տոկոսից ավելին ենք ունենալու: Փառք Աստծո, տնտեսական ակտիվության գործակիցը բավականաչափ մեծ է. արդեն 11 ամիսների ընթացքում մենք ունեցել ենք աննախադեպ՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է: Մենք երբեք այդպիսի ցուցանիշ չենք ունեցել: Մեր առևտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը՝ արտաքին առևտրաշրջանառության մասին է խոսքը, բայց որ չափազանց կարևոր է՝ նաև կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետև 2012-2013 թվականներին մենք ունեցել ենք գրեթե 6 միլիարդանոց արտաքին առևտրաշրջանառություն, որտեղ, օրինակ, պատրաստի սննդի արտահանումը այդ ցուցանիշում եղել է 12-13 տոկոս, իսկ հիմա գրեթե հասնում է մեկ քառորդի: Սա շատ լավ և կարևոր ցուցանիշ է: Ակնհայտ է, որ այսպիսի ցուցանիշները դրական են ազդում ֆինանսական, մակրոտնտեսական կայունության վրա:

Տեսնում եք, որ առաջին անգամն է տևական ժամանակահատվածում, երբ դեկտեմբեր ամսին մեր հարազատ հայկական դրամը որևէ ճնշումներ չի զգում, ընդհակառակը՝ փորձում է բարելավել իր դիրքերը: Այս ամբողջը փոխկապակցված է, և կարծում եմ, որ այս փոխկապակցվածության մեջ հիմնական դերակատարությունը ձերն է, այնպես որ՝ բոլորիդ առաջարկում եմ նույն տեմպով կամ ավելի, շարունակեք աշխատանքը՝ հատկապես հաշվի առնելով, որ 2018 թվականի գարնանը մեր նոր Սահմանադրությունը ամբողջապես մտնելու է ուժի մեջ: Բայց ես ակնկալում եմ ձեզնից, որպես մեր հասարակության կարևոր մաս, որ դուք էլ շատ պարագաներում բարեփոխեք ձեր աշխատանքը: Առաջարկում եմ, որպեսզի 2018 թվականին բոլորս միասին հասնենք նրան, որ ոչ պաշտոնական՝ չփաստաթղթավորված, շրջանառությունը հասցնենք նվազագույնի: Մենք վարչապետի, կառավարության հետ նախնական պայմանավորվել ենք, որ պիտի այնպես անենք, որպեսզի 2018 թվականին ամբողջովին կարգավորենք փաստաթղթաշրջանառությունը: Սա օգտակար է բոլորիս՝ և՛ ձեզ, և՛ պետության, մեր բանակի ու մեր մանկավարժների, բոլորի համար:

Բոլորիդ կոչ եմ անում առանց սպասելու, առանց որևէ մեկի դրդման ինքներդ անցնեք այդ ճանապարհը: Մենք էլ մեր կողմից կանենք հնարավորը, որպեսզի համագործակցությունը լինի իրական, այլ ոչ թե՝ որպես ստուգող, կամ, չգիտեմ, պատժող մարմնի և բիզնեսով զբաղվող մարդու միջև:

Մեկ անգամ ևս բոլորիդ մաղթում եմ առողջություն, հաջողություն և կրկնեմ՝ բավարարվածության շատ երկար պահեր: Սա բոլորիս աշխատանքում կարևոր է:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասել է Հանրապետության Նախագահը: 

← Վերադառնալ