21
11, 2017

Նախագահը Դիլիջանում մասնակցել է Մոնթե Մելքոնյանի անվան նոր կրթահամալիրի պաշտոնական բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում մասնակցել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման կապակցությամբ կրթահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը:

Վարժարանի բացման արարողությունը նվիրվել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան հոբելյանին. նոյեմբերի 25-ին լրանում է նրա ծննդյան 60-րդ տարեդարձը:

Վարժարանի զինվորական գծով փոխտնօրենի զեկույցն ընդունելուց և միջոցառման կապակցությամբ ելույթները լսելուց հետո, Նախագահը պաշտպանության նախարարի, ԱԱԽ անդամների և հյուրերի հետ դիտել է կրթահամալիրի սաների հանդիսավոր քայլերթը: Վարժարանի տարածքում տեղի է ունեցել նաև Մոնթե Մելքոնյանի արձանի բացման արարողությունը: Բացման պատիվը տրվել է Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանի նախկին սան Վահագն Ասատրյանին և ներկայիս սան Դավիթ Անդեասյանին:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել վարժարանի 80 առաջին կուրսեցիների խոստման արարողությունը, որից հետո հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հետ միասին վարժարանի սաները ցուցադրել են «Ճանապարհ դեպի բարձունք» անվանած իրենց մարտական հնարքները:

Հանրապետության Նախագահը հյուրերի հետ միասին շրջայց է կատարել վարժարանում, ծանոթացել ուսումնառության և վարժարանի սաների կենցաղավարության համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև ներկա գտնվել վարժարանում Թումո-բանակ համագործակցությամբ ստեղծված «Թումո»-ի լսարանի բացմանը: 


Միջոցառումն ավարտվել է տոնական համերգով և հրավառությամբ:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:

 

← Վերադառնալ