15
11, 2017

Մոսկվայում կայացել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կրեմլի պալատում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բանակցությունների ընթացքում ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահներն անդրադարձել են տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությանը քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար և մշակութային ոլորտներում: Նախագահներ Սարգսյանը և Պուտինը բարձր են գնահատել մշակույթի օրերի անցկացումը երկու երկրներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

«Հարգելի՛ Սերժ Ազատի,

Հարգելի՛ բարեկամներ, գործընկերներ,

Մենք շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում: Կցանկանայի նշել, որ մեր բոլոր թիմերը լարված աշխատում են մեր պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք ձեռք էին բերվել այս տարվա մարտին Ռուսաստան կատարած Ձեր այցի ընթացքում: Այդ աշխատանքը տալիս է դրական արդյունքներ: Ես նույնիսկ չեմ խոսում մեր համագործակցության մասին քաղաքական կապերի, անվտանգության բնագավառներում և տնտեսական ոլորտում, որտեղ անցած տարի սկսել էր աճը, իսկ այս տարի այն աճել է մեկ երրորդով, ինչն, անխոս, ուրախալի է: Ցանկալի կլիներ այդ միտումը պահպանել:

Դուք այս անգամ ժամանել եք «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» մեկնարկի կապակցությամբ: Մենք շատ ուրախ ենք, որ այս ուղղությամբ էլ բավականին արդյունավետ համագործակցում ենք: Հիմա մենք Ձեզ հետ միասին կմեկնենք Տրետյակովյան պատկերասրահ, ցուցահանդեսը կդիտենք, այնտեղ ևս մեկ միջոցառում է նախատեսված:

Դուք գիտեք՝ մեր իրավապահ մարմինները վերադարձնում են Հայաստանում գողացված Վրուբելի նկարը: Վստահ եմ, որ այդ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն կառաջացնի կերպարվեստի սիրահարների շրջանում: Կցանկանայի Ձեզ շնորհակալություն հայտնել, որ աջակցել եք այդ ցուցահանդեսի կազմակերպմանը, և մենք էլ մեր կողմից ամեն ինչ կանենք, որ Հայաստանի քաղաքացիները ժամանակակից պայմաններում, ժամանակակից միջավայրում հնարավորություն ունենան առնչվելու ռուսական արվեստի ձեռքբերումներին և այն ամենին, ինչով մենք հպարտանում ենք: Այս ուղղությամբ հետագայում էլ համատեղ կաշխատենք»,-հանդիպման սկզբում ասել է Վլադիմիր Պուտինը:

«Շնորհակալություն, Վլադիմի՛ր Վլադիմիրի:

Ես ուրախ եմ մեր հանդիպման համար: Եվ Դուք ճիշտ եք՝ ակնհայտ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացը բոլոր ուղղություններով: Սոչիում մեր վերջին հանդիպումից հետո մենք ունեցել ենք Ռուսաստանի Դաշնության կառավարության մակարդակով պաշտոնական այց: Հոկտեմբերին անցկացրել ենք Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, Եվրասիական գործընկերության երկրորդ համաժողովը և Հայ-ռուսական երիտասարդական համաժողովը: Ամսվա սկզբին կայացել է Միջխորհրդարանական հանձնաժողովի հոբելյանական 30-րդ նիստը:

Մարդկանց միջև սերտ շփումները, մշակութային, կրթական, գիտական կապերը մեզ համար ունեն հատուկ նշանակություն. անցյալ տարի Հայաստանում հաջողությամբ են անցել «Ռուսաստանի մշակույթի օրերը», իսկ բառացիորեն այսօր մենք մեկնարկ ենք տալիս «Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում մի շարք միջոցառումների, որոնք անցկացվելու են ոչ միայն Մոսկվայում, այլև Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքներում:

Շնորհակալություն հրավերի, ջերմ ընդունելության համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
 

← Վերադառնալ