Մամուլի հաղորդագրություններ
Հանրապետության Նախագահն ընդունել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովին:
Հանդիպման ընթացքում Վիկտոր Կրիվոպուսկովը Հանրապետության Նախագահին ներկայացրել է իր գլխավորած կազմակերպության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ մանրամասն խոսելով հատկապես առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին:
Միջոցառումը կանցկացվի մշակույթի ոլորտում 2016-2018թթ. ՀՀ և ՌԴ միջև համագործակցության ծրագրի շրջանակներում: Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերակցության նախագահը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է, որ Ռուսաստանում Հայաստանի մշակույթային օրերի շրջանակներում մայրաքաղաքից բացի միջոցառումներ կանցկացվեն նաև Ռուսաստանի տարածաշրջաններում:
Հանրապետության Նախագահը ողջունել է հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ու երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված ռուսաստանյան ընկերակցության գործունեությունը և մաղթել հաջողություններ: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի պետական կառավարման մարմիններն ամենայն օժանդակություն կցուցաբերեն ընկերակցությանը՝ վերոնշյալ նախաձեռնությունների իրականացման գործում: