06
10, 2017

Նախագահն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին, ով Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին մասնակցելու նպատակով:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված երևանյան վերոնշյալ համաժողովների անցկացումը, որոնք, Նախագահի համոզմամբ, դարձել են երկու երկրների տարածաշրջանների տեղական իշխանությունների, գործարար և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների բովանդակալից երկխոսության ու անմիջական շփման հարթակ:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են նման միջոցառումների պարբերական անցկացումը, ինչը, նրանց կարծիքով, թույլ է տալիս քննարկել օրակարգային արդիական հարցեր, բացահայտել երկու երկրների համագործակցության հետագա զարգացման ներուժը և քայլեր ձեռնարկել դրանք լիարժեքորեն օգտագործելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման ու արդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերին: Նախագահը հույս է հայտնել, որ նախարար Մանտուրովի այցը նոր խթան կհաղորդի ռուսաստանյան և հայկական արդյունաբերողների միջև փոխգործակցությանը, կոոպերացիաների զարգացմանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը, որոնց հնարավորությունները մեծանում են նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության շնորհիվ:
 

← Վերադառնալ