01
10, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Գյումրու օրվան նվիրված միջոցառումներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին, որոնց շրջանակներում այցելել է քաղաքի մի շարք մշակութային օջախներ, դիտել գյումրեցիների ավանդական կենցաղը, արհեստներն ու ավանդույթները ներկայացնող «Հացի փառատոնը», մասնակցել Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությանը: Նախագահն այցելել է նաև Գյումրու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: «Թումո»-ի ընդլայնման` նոր կենտրոնի ստեղծման վերաբերյալ Նախագահ Սարգսյանը հանձնարարական էր տվել դեռևս 2015 թվականին` Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի և մարզային գերակայությունների քննարկման նպատակով մարզպետարանի պատասխանատուների և Գյումրու քաղաքապետի մասնակցությամբ հրավիրած խորհրդակցությունների ժամանակ: Նույն խորհրդակցության ընթացքում Հանրապետության Նախագահը հետաքրքրվել էր Գյումրու փողոցների վերականգնման աշխատանքների ընթացքով:

Այսօր Նախագահին տեղում զեկուցել են նաև այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին. Գյումրու թվով տասը փողոցների հիմնանորոգման և քաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ` «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի արդյունքում քաղաքը կունենա անվտանգ երթևեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց։ Հանրապետության Նախագահին Գյումրիում ներկայացրել են նաև Ռուսթավելի փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը:

Նախագահի շրջայցը տոնական Գյումրիում մեկնարկել է «Սև ամրոց» համալիրից, որը հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան է և գտնվում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի պահպանման գոտում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է նախկինում որպես ռազմական կառույց ծառայած և այժմ մշակութային կենտրոն դարձած համալիրի պայմաններին, «Սև ամրոցի» տարածքում բացված թանգարանի ցուցանմուշներին, որոնք պատմում են «Ալեքսանդրապոլ» ամրոցի կառուցման, քաղաքի հիմնման և ռուս-թուրքական պատերազմներին մասնակցած հայ գեներալների մասին:

Հանրապետության Նախագահը Գյումրու մեկ այլ մշակութային օջախում՝ «Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում», ծանոթացել է ցուցասրահներում ներկայացված ցուցանմուշներին, որոնք այցելուներին պատմում են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարության, առավել տարածում գտած արհեստների, հասարակական կենցաղի ու հոգևոր մշակույթի մասին։ Նախագահի հանձնարարությամբ ֆինանսական աջակցություն կցուցաբերվի վերանորոգման կարիք ունեցող թանգարանին:

Գյումրու նորաբաց մանկապատանեկան արվեստի պալատում Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված պայմանները: Պատասխանատուների հավաստմամբ, այստեղ կտեղափոխվեն և իրենց գործունեությունը կիրականացնեն քաղաքի մանկապատանեկան՝ երգի, պարի, նկարչության, ասմունքի, զգեստների մոդելավորման, օտար լեզվի ուսուցման և այլ խմբակներ, հնարավորություններ կստեղծվեն նաև նոր խմբակների գործունեության համար: Հանրապետության Նախագահը հետաքրքրվել է արվեստի պալատի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներով և խոստացել աջակցել դրանց հնարավորին շուտ լուծմանը` կարևորելով երեխաների կրթության ու բազմակողմանի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքը:

«Թումո Գյումրի» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինհրապարակում Հանրապետության Նախագահին ներկայացվել է 2017թ. հունիսի 10-ից մեկնարկած Գյումրու առաջին թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը, որոնց ավարտին «Թումո» կենտրոնը կտեղափոխվի թատրոնի շենք և կկարողանա սպասարկել շուրջ 4000 ուսանողի։ Կենտրոնը կունենա դասընթացների սենյակներ, ինքնուսուցման հարթակներ, ինչպես նաև կգործի որպես մշակութային օջախ, որտեղ կգործեն մեծ բեմ և կինոթատրոն, կանցկացվեն հասարակության համար բաց միջոցառումներ։

«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գտնվող Ռուսթավելի փողոցում Նախագահ Սարգսյանին զեկուցել են փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքի մասին: Նշվել է, որ մինչ այսօր փոխվել են արտաքին ջրամատակարարման, գազամատակարարման և հաղորդակցության, կապի գծերը, տեղադրվել է հեղեղատար կոյուղի և դրենաժային համակարգ, անցկացվել են բարձր լարման հզորության մալուխային գծեր, ցածր լարման օդային գծերը փոխարինվել են ստորգետնյա մալուխային գծերով: Իրականացվել են փողոցի վերևի շերտի բետոնային աշխատանքները, և տեղադրվել են գրանիտե սալահատակ քարեր, բազալտե եզրաքարեր, իսկ մայթերին՝ բազալտե սալեր: Ի թիվս իրականացված աշխատանքների, փողոցում տեղադրվել են նաև արտաքին լուսավորության սյուներ, նստարաններ:

Տոնական միջոցառումների շրջանակներում Նախագահն այցելել է Գյումրու «Երիտասարդական պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որտեղ կյանքի են կոչվում բազմաթիվ երիտասարդական նախաձեռնություններ: Համայնքային ենթակայության այս կազմակերպությունը միտված է համախմբելու Հայաստանի մշակութային մայրաքաղաքի երիտասարդությանը՝ դառնալով ժամանցի, ինչպես նաև ոչ ֆորմալ կրթության լավագույն վայր քաղաքում: Գյումրու օրվա առթիվ «Երիտասարդական պալատում» կազմակերպվել է Արհեստների փառատոն, որին մասնակցել են Գյումրի, Վանաձոր, Իջևան և Արթիկ քաղաքները՝ ներկայացնելով իրենց արհեստավորների աշխատանքները:

Այցի ավարտին Սերժ Սարգսյանը Սուրբ Աստվածածին (Սուրբ Յոթ վերք) եկեղեցում մոմ է վառել:
 

 

 

← Վերադառնալ