14
06, 2017

Համատեղ հայտարարություն Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյանի հրավերով 2017թ․ հունիսի 14-15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն այցելեց Տաջիկստանի Հանրապետության նախագահ Է․Ռահմոնը։

Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ընդառաջ կայացած բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները առանձնակիորեն կարևորեցին այդ իրադարձությունը, որը երկու երկրների ժողովուրդների բարեկամական հարաբերությունների բազմադարյա պատմության նոր էջ բացեց։

Հայաստանի Հանրապետության Նախագահը և Տաջիկստանի Հանրապետության նախագահը,

համակողմանիորեն ուսումնասիրելով հայ-տաջիկական հարաբերություների ողջ համալիրի ներկա վիճակը և զարգացման հեռանկարները,

հենվելով Հայաստանի և Տաջիկստանի միջև պատմական ամուր փոխառնչությունների, երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամական կապերի և համագործակցության վրա,

հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև Բարեկամության և համագործակցության մասին 2002թ․ ապրիլի 3-ի համաձայնագրի անխախտելիությունը,  

համոզված լինելով, որ Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումը բխում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերից,  

ընդգծելով հետագա սերտ համագործակցության և միջազգային ասպարեզում գործողությունների համակարգման կարևորությունն ու նպատակահարմարությունը,

ձգտելով զարգացնել և ընդլայնել արդյունավետ համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում, ինչպես նաև ավելի սերտ փոխգործակցությունը այն միջազգային կառույցներում, որոնց անդամ են Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը,

հայտարարում են ներքոհիշյալի մասին.

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը լի են վճռականությամբ հետագայում ևս շարունակել ամրապնդել և բազմապատկել երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը։ Նրանք հարաբերությունները կկառուցեն ռազմավարական գործընկերության հիման վրա, փոխվստահության ոգով՝ առաջնորդվելով ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքներով։

Պետությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնում խորացնելու երկկողմ հարաբերությունները տնտեսական, առևտրային, տրանսպորտային, ռազմական և ռազմատեխնիկական բնագավառներում, ինչպես նաև գիտության, մշակույթի, զբոսաշրջության և առողջապահության ոլորտներում։

Նախագահները հաստատեցին, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև արտաքին քաղաքական փոխգործակցության խորացումը երկու երկրների արմատական շահերին առնչվող հարցերում փոխադարձ աջակցության հիման վրա ամբողջապես բխում է երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդման շահերից և հանդիսանում հայ-տաջիկական միջպետական փոխգործակցության առանցքային տարր։

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը կընդլայնեն կառուցողական փոխգործակցությունը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում՝ ի շահ խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մասշտաբով։
Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը իրենց հավատարմությունն են հաստատում ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին: Կողմերը ճանաչում են Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական դերը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում՝ հակամարտությունների կանխարգելման և խաղաղ կարգավորման հարցում տարածաշրջանային կառույցների գնալով աճող դերի պայմաններում:

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը կհամակարգեն իրենց արտաքին քաղաքական գործունեությունը՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում անվտանգության, կայունության ամրապնդմանը և համագործակցության զարգացմանը միտված համատեղ համաձայնեցված գործողություններ իրականացնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հնարավորինս արագ և բացառապես խաղաղ կարգավորման օգտին՝ հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա: Նախագահները վերահաստատում են իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ, որն արտահայտվել է 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հայտարարությունում: Կողմերը ողջունում են միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ստացած միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կառուցողական ջանքերը:

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հաստատում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նշանակությունը՝ անդամ պետությունների անվտանգության ապահովման գործում, և ակտիվորեն կհամագործակցեն նշյալ կազմակերպության շրջանակներում նախատեսված փոխադարձ պարտավորությունների իրականաց¬ման ուղղությամբ:

Կողմերը ջանքեր կգործադրեն Անկախ պետությունների համագործակցությունը ժամանակակից իրողություններին հարմարեցնելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հաստատում են իրենց պատրաստակամությունը հետագայում ևս փոխգործակցել գլոբալ մարտահրավերների և վտանգների՝ ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անդրսահմանային կազմակերպված հանցավորության այլ ձևերին հակազդման ոլորտում՝ հիմնվելով միջազգային համաձայնագրերի վրա, որոնց մասնակից են Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը:

Կողմերն ընդգծում են Հայաստան-Տաջիկստան միջխորհրդարանական բարեկամական խմբի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ընդլայնման և արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և ողջունում են նշյալ հանձնաժողովի համանախագահության մակարդակի բարձրացումը:
Կողմերն առանցքային նշանակություն են տալիս փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը և այդ նպատակով պատրաստ են նպաստել այդ ոլորտում առկա մեծ ներուժի իրագործմանը։ Այդ նպատակով նրանք առավելագույն աջակցություն կցուցաբերեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, տրանսպորտի և հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, լեռնամետալուրգիական, թեթև և վերամշակող արդյունաբերության, ինչպես նաև նորարարության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Կողմերը կնպաստեն երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև փոխգործակցության մեխանիզմների կատարելագործմանը և անմիջական կապերի խթանմանը:

Հայաստանի Հանրապետությունը և Տաջիկստանի Հանրապետությունը հանդես են գալիս Երևանի և Դուշանբեի միջև կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցության հաստատման օգտին, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնում մշակելու համատեղ ծրագրեր տրանսպորտի ոլորտում:

Կողմերն ամեն կերպ կաջակցեն մշակույթի և արվեստի ոլորտում կազմակերպությունների և գործիչների, հետազոտական կենտրոնների, առողջապահական հաստատությունների, ուսումնական հաստատությունների, զանգվածային լրատվամիջոցների և մշակութային-հումանիտար ոլորտի այլ հաստատությունների միջև անմիջական կապերի ընդլայնմանը: Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության նախագահները համոզված են, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները ներկա փուլում մեծ հեռանկարներ ունեն համագործակցության բոլոր ոլորտների ինտենսիվ զարգացման և խորացման համար՝ երկու ժողովուրդների արմատական շահերին համահունչ:

Պետությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին լիակատար փոխըմբռնման մթնոլորտում անցած բանակցությունների առնչությամբ, որոնց արդյունքում ստորագրվեցին ներքոհիշյալ փաստաթղթերը.

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջև օդային հաղորդակցության մասին,

- Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Տաջիկստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2018-2019թթ. համար համագործակցության ծրագիր,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև հեռահաղորդակցության և փոստային կապի բնագավառում համագործակցության մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև երիտասարդության հետ աշխատանքի և սպորտի բնագավառում համագործակցության մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին,

- Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Տաջիկստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության մասին։

Պետությունների ղեկավարներն ընդգծեցին, որ ամենաբարձր մակարդակով հանդիպումը զգալի ներդրում ունեցավ և նոր հորիզոններ բացեց Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև բարեկամության և բազմակողմանի համագործակցության հետագա ամրապնդման համար:

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Է. Ռահմոնը երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և հրավիրեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյանին պաշտոնական այց կատարել Տաջիկստանի Հանրապետություն:
Հրավերը երախտագիտությամբ ընդունվեց: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով:
 

← Վերադառնալ