Մամուլի հաղորդագրություններ
Նախագահը հրամանագիր է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Դավիթ Վարդանի Ամալյանին և Վլադիմիր Հակոբի Օհանյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, մայիսի 31-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, միաձայն որոշում է կայացրել դիմում ներկայացրած 7 թեկնածուից հաղթողներ ճանաչել՝ Դավիթ Վարդանի Ամալյանին և Վլադիմիր Հակոբի Օհանյանին: Հանձնաժողովը հիմք է ընդունել հեռուստատեսության, ինչպես նաև մշակույթի և արվեստի բնագավառներում նրանց մասնագիտական աշխատանքային փորձը, հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը:
…
Դավիթ Վարդանի Ամալյան
(Կենսագրական համառոտ տվյալներ)
Ծնվել է 1974թ., Երևանում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Սովորել է Երևանի թիվ 100 միջնակարգ դպրոցում:
Սովորել է Ավետ Գաբրիելյանի անվան թիվ 12 երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի և շվիի դասարաններում:
Սովորել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի ջազային բաժնի դաշնամուրի դասարանում:
1998թ. ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողնվագարանների բաժինը՝ շվի մասնագիտությամբ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
2000թ. եղել է Երևանի քաղաքապետարանի Երևանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն:
2014թ. ապրիլի 17-ից «Միքսարտ» ՍՊԸ տնօրենն է:
Ստեղծագործական գործունեություն.
1994-1999թթ. պարբերաբար կազմակերպել է համերգային հուշ-երեկոներ՝ նվիրված զոհված ազատամարտիկներին:
2002թ. բեմադրվել է «Արծվաբույն» խորագրով նրա պիեսը՝ նվիրված Վազգեն Սարգսյանին,
2004թ. թողարկել է իր առաջին ձայնասկավառակը՝ «Հոգու հնչյուն» խորագրով,
2004թ. մինչ այժմ ունեցել է բազում հեղինակային մենահամերգներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանյան մի շարք երկրներում:
Հանդիսանում է մոտ 80 երգի հեղինակ, որոնց մեծ մասը գրել է իր բանաստեղծությունների հիման վրա:
ՊԱՐԳԵՎՆԵՐ
2011թ. ՀՀ Նախագահի կողմից արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:
Պարգևատրվել է բազմաթիվ գերատեսչական շքանշաններով՝ «Սպարապետ Վազգեն Սարգսյան», «Սպարապետ Գարեգին Նժդեհ», «Երախտագիտություն» (ԼՂՀ Նախագահի հրամանագրով), «Մայրական երախտագիտություն» և այլն:
ԱՅԼ
1990-94թթ. մասնակցել է Արցախյան պատերազմին՝ «Ազգային լեգեոն» ջոկատի, «Արծիվ» 4-րդ գումարտակի, այնուհետև «5-րդ բրիգադի» զորամիավորումներում:
ԵԿՄ անդամ է:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
…
Վլադիմիր Հակոբի Օհանյան
(Կենսագրական համառոտ տվյալներ)
Ծնվել է 1959թ., Երևանում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Սովորել է Երևանի N 31 միջնակարգ դպրոցում:
1987թ. ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1977թ. աշխատել է Երևանի մեխանիկա-վերանորոգման գործարանում:
1979-89թթ. աշխատել է Երևանի «Տնաշինական կոմբինատում»՝ որպես ավտոմատացված համակարգերի օպերատոր:
1990-ականներին զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ:
2000 թ.-ից աշխատանքի է անցել «Գրանդ Հոլդինգ» ընկերությունում:
2001թ.-ին նշանակվել է նոր բացվող մանկական «Հայրենիք» հեռուստաալիքի գործադիր տնօրեն:
2003-2004թթ. աշխատել է «Ար» հեռուստաընկերությանում, որպես գործադիր տնօրեն:
2008-2011թթ. եղել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ, ՀՀ գլխավոր ճարտարապետի օգնական:
2011թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ` 6 տարի ժամկետով:
ԱՅԼ
1978-79 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի 2 զավակ: