11
04, 2017

Նախագահը հրամանագիր է ստորագրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Նարա Սուրենի Շլեպչյանին և Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներ նշանակելու մասին՝ ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017թ. մարտի 24-ի ՆԿ-56-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ապրիլի 7-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել դիմում ներկայացրած 5 թեկնածուներից հաղթողներ ճանաչել՝ Նարա Սուրենի Շլեպչյանին և Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյանին:

Հանձնաժողովը հիմք է ընդունել հեռուստատեսությունում Նարա Շլեպչյանի և Մերուժան Տեր-Գուլանյանի երկարամյա աշխատանքային փորձը, զգալի ներդրումը, լրագրության ոլորտի զարգացման գործում ունեցած ակնառու հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը:

 

***

Նարա Սուրենի Շլեպչյան
(Կենսագրական համառոտ տվյալներ)

Ծնվել է 1935թ., Երևանում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Սովորել է Երևանի Չեխովի անվան N 55 ռուսական միջնակարգ դպրոցում:
1957թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի /նախկին Ժդանովի/ անվան պետական ռուսական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1956թ. ընդունվել է Հայաստանի հեռուստատեսության ստուդիա՝ որպես հաղորդավար: Երկար տարիներ եղել է հաղորդավարական բաժնի գեղարվեստական ղեկավար:
1964-1983թթ. դասավանդել է ռուսաց լեզու Վ.Բրյուսովի և Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտներում, ապա խոսքի կուլտուրա և հաղորդավարական վարպետություն առարկաներ՝ Խ.Աբովյանի անվան ինստիտուտում:
2001-2011թթ. նախագահել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանրության հետ կապերի հասարակական խորհուրդը:
2011 թվականից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է:
Ստեղծագործական գործունեության ընթացքում վարել է բազմաժանր հաղորդումներ՝ լրատվական ծրագրեր, հարցազրույցներ, գրական, գեղարվեստական, երաժշտական հաղորդումներ, երեկոներ, հանդիպումներ հայ և օտարերկրյա մեծանուն մարդկանց, ինչպես նաև առանձին կոլեկտիվների հետ: Վարել է կառավարական միջոցառումներ, ունեցել է հեղինակային հաղորդումներ:
Հանդիսացել է մի շարք հեռուստատեսային ծրագրերի սցենարների հեղինակ, պրոդյուսեր, հաղորդավար:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1966թ. «Աշխատանքային արիության համար» մեդալ,
1972թ. Վաստակավոր արտիստ,
1982թ. ՀՍՍՀ Գերագույն Սովետի նախագահության պատվոգիր,
1986թ. Ժողովրդական արտիստ,
2001թ. «Մովսես Խորենացի» մեդալ,
2003թ. «Հեռանե» հեռուստատեսային մրցանակաբաշխության մրցանակ և դիպլոմ,
2006թ. ՀՀ վարչապետի շնորհակալագիր՝ մայրենի լեզվի զարգացման և պահպանման համար,
2007թ. Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի կողմից դիպլոմ և ոսկե մեդալ,
2010թ. Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս,
2011թ. «ՀՀ ԱԺ պատվո մեդալ»,
2016թ. ՀՀ Անկախության 25-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ:

 



Մերուժան Սարգսի Տեր-Գուլանյան

(Կենսագրական համառոտ տվյալներ)

Ծնվել է 1948թ., Ջավախքում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1973թ.-ից աշխատել է «Գարուն» ամսագրում՝ որպես գրական աշխատող, այնուհետև՝ բաժնի վարիչ, ապա՝ գլխավոր խմբագրի տեղակալ, իսկ 1986-1990թթ.՝ ամսագրի գլխավոր խմբագիր:
1988-1993թթ. եղել է «Ջավախք հայրենակցական միության» հիմնադիր ղեկավարը:
1978 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է:
1990թ. եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և ՀՀ ԳԽ լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, միաժամանակ՝ ԳԽ նախագահության անդամ:
1995-1999թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Այդ տարիների ընթացքում հեղինակել և ներկայացրել է մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի, հեղինակային իրավունքի, ազգային արխիվային ֆոնդի մասին օրենքները:
1997թ. հիմնադրել է հանրապետության առաջին անկախ «Ար» հեռուստաընկերությունը՝ հանդիսանալով հիմնադիր-նախագահ:
Մինչ այդ հիմնադրել է «Ար», «Հանրապետություն», «Ասպնջակ» անկախ շաբաթաթերթերը:
2006-2009թթ. եղել է «Դե ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիրը:
2009-2011թթ. եղել է Հանրային հեռուստատեսության «Արարատ» հեռուստաալիքի տնօրեն:
2011թ. մարտի 19-ին նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ:
2012թ. հիմնադրել է «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագիրը, որի գլխավոր խմբագիրն է մինչ օրս:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1978թ. արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի մրցանակի դափնեկրի կոչմանը՝ «Մոտեցող օվկիանոսը և հեռացող մարդիկ» վավերագրական վիպակի համար,
1980թ. ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ՝ «Արարատյան երկիր» էսսեի համար,
1993թ. ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի համալսարանի պատվավոր դոկտորի կոչման՝ «Գարուն» ամսագրի գործունեության տարիներին մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը պաշտպանելու համար,
1999թ. պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալով,
2011թ. Մովսես Խորենացու մեդալ,
2014թ. ճանաչվել է Ջավախքի պատվավոր քաղաքացի, ապա` Երևանի պատվավոր քաղաքացի:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Հեղինակ է Հանրապետության և արտասահմանյան մի շարք երկրների պարբերական մամուլում տպագրված ավելի քան 1000 էսսեների, ակնարկների, հրապարակախոսական հոդվածների:
 

← Վերադառնալ