28
03, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Արարատի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ:

Հանրապետության Նախագահը այցելել է Մասիս քաղաքի Երիտասարդական կենտրոն: Նախագահը մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, տեղի պատգամավորների, կենտրոնի կառուցման բարերարի և շահառուների հետ շրջայց է կատարել Երիտասարդական կենտրոնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի առաքելությանն ու գործունեության ուղղություններին, մասիսցի երիտասարդների համար ստեղծված պայմաններին: Պատասխանատուները նշել են, որ կենտրոնի գործունեությունը միտված է իրականացնելու երեխաների բազմակողմանի զարգացմանը, նրանց աշխարհայացքի ընդլայնմանը, տաղանդների բացահայտմանը, քաղաքացիական ակտիվության և կամավորության մշակույթի խթանմանն ուղղված ծրագրեր: Այն գործում է երեք հիմնական ուղղություններով՝ կրթական, կամավորական և սոցիալական ծրագրերի իրականացման: Նախագահին տեղեկացրել են, որ ներկայումս Երիտասարդական կենտրոն է հաճախում շուրջ 120 մասիսցի պատանի և երիտասարդ: Կենտրոնը հիմնվել է «Ադիբեկյան ընտանիք» զարգացման հիմնադրամ» մասնավոր բարեգործական կազմակերպության ստեղծած Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից:

Հանրապետության Նախագահը Մասիսում ներկա է գտնվել նաև քաղաքի ընտանեկան առաջին սպորտային համալիրի հիմնարկեքի արարողությանը:

Պատասխանատուների ներկայացմամբ, ծրագրի արժեքը շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար է: Սպորտային համալիրի կառուցման ծրագիրը կմեկնարկի 2017 թվականի ապրիլին և կավարտվի 2018 թվականի հունիսին: Նախագիծն իրականացվում է «Ադիբեկյան ընտանիք» զարգացման հիմնադրամ» մասնավոր բարեգործական կազմակերպության միջոցների հաշվին:

Սպորտային համալիրն ունենալու է մինի ֆուտբոլի և բասկետբոլի խաղահրապարակներ, մարզասարքերով բացօթյա տարածք, ինչպես նաև երեխաների համար նախատեսված խաղահրապարակ: Համալիրին հարող տարածքում նախատեսվում է հիմնել բնակիչների համար նախատեսված կանաչապատ պուրակ` հարմարավետ նստարաններով: Մարզահամալիրը հագեցած է հաշմանդամների համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Սպորտային համալիրը կդառնա առաջին ընտանեկան-հասարակական, սպորտային և ժամանցային կենտրոնը Մասիս քաղաքում: Այն նպատակաուղղված է քաղաքի հասարակական, մշակութային և տնտեսական կյանքի զարգացման գործին՝ համախմբելով քաղաքի բոլոր սերունդների ներկայացուցիչներին:

Սպորտային համալիրի հիմնարկեքի արարողության ժամանակ ընթերցվել է Մասիսի Երիտասարդական կենտրոնի՝ սերունդներին ուղղված ուղերձը, որը դրվել է պարկուճի մեջ: Այն Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը և 2002 թվականի ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արամ Մարգարյանը տեղադրել են կառուցվող համալիրի հիմքում:
 

← Վերադառնալ